Ուկրաինական կողմը Վրաստանին է արտահանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առանցքային ղեկավարներից Ցեզար Տոխոսաշվիլիին, որը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:
«Վրաստանի քաղաքացի Ցեզար Տոխոսաշվիլիին (Ալ Բառա Շիշանի), որը մեղադրվում է ահաբեկչության մեջ և հետախուզման մեջ էր գտնվում Ինտերպոլով, Ուկրաինայից արտահանձնվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան», – ասվում է հաղորդագրության մեջ:
Համագործակցելով վրաց գործընկերների հետ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 2019-ի նոյեմբերի 12-ին Կիևում ձերբակալել է Տոխոսաշվիլիին:
Պետական անվտանգության ծառայության տվյալներով, 2015 թվականին Տոխոսաշվիլին մեկնել է Սիրիա և սկսել մասնակցել կառավարական ուժերի դեմ մարտերին: Այնուհետև նա միացել է ահաբեկչական խմբավորմանը:
Հաստատվել է, որ Տոխոսաշվիլին սերտորեն կապված է եղել ԻՊ-ի ազդեցիկ առաջնորդների հետ, որոնք նաև ծագումով Վրաստանից են` Թարխան Բատիրաշվիլին, որը հայտնի է որպես Աբու Ումար ալ-Շիշանի, ինչպես նաև միջազգային ահաբեկիչ Ահմեդ Չաթաևը:
2019-ի նոյեմբերի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Տոխոսաշվիլիին դատապարտել էր ազատազրկման: Ներկայումս գտնվում է Ուկրաինայում արտահանձման կալանքի տակ:
Տոխոսաշվիլիի դեմ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և մասնակցելու համար: Այս հանցագործությունը պատժվում է առավելագույնը 15 տարի ազատազրկմամբ:
Համաձայն Պանկիսի համայնքային «Way» ռադիոյի, Ցեզար Տոխոսաշվիլին Պանկիսիի կիրճում գտնվող Ախմետայի մունիցիպալիտետի Օմալո գյուղից է:
2018 թվականի օգոստոսին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին նրա մահվան մասին: Հաստատվում էր, որ նա իր կնոջ և երեխաների հետ միասին մահացել է ռմբակոծության հետևանքով: Այդ ժամանակ Տոխոսաշվիլիների ընտանիքը երկու օր ցավակցություն է ստացել գյուղացիներից: Որոշ ժամանակ անց Տոխոսաշվիլին կապ է հաստատել Վրաստանում գտնվող հարազատների հետ՝ ասելով, որ ողջ է: