The Washington Post պարբերականը Վրաստանն անվանել է կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջողակ օրինակներից մեկը: Ըստ հոդվածի՝ գլոբալ համաճարակը ցույց է տվել, որ փոքր երկրներն ավելի լավ են կարողանում հաղթահարել նման խնդիրները, երբ այնպիսի ուժեղ և խոշոր պետություններում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը, համաճարակը լուրջ հետևանքներ է ունենում:
«Միաժամանակ, որոշ փոքր երկրներ ձեռք են բերել նոր ճանաչում, քանի որ այժմ աշխարհը ականատես է լինում նրանց վաղաժամ հաջողությանը», – գրում է Washington Post-ը:
«Մինչ կորոնավիրուսը մոլեգնում է հարևան Ռուսաստանում, Վրաստանը հանգստության կղզի է: 3.75 միլիոն բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 700-ից պակաս է, մահացել է 12 մարդ, ինչը գովեստի խոսքերի է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից», – ասվում է հոդվածում:
Պարբերականը նշում է, որ կառավարության ժամանակին ձեռնարկված միջոցները, ինչպիսիք են պարտադիր ջերմային զննումն օդանավակայաններում և հունվարի վերջինից ներդրված միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումները, օգնել են երկրին կանխել վիրուսի տարածումը:
The Washington Post-ը գրում է, որ վարակի տարածման դանդաղեցման պայմաններում և երկիրը զբոսաշրջության համար բացելու պլաններում, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն հայտարարում է, որ հետաքրքրված ամերիկացիները դիմում են նրա գրասենյակ բիզնես-առաջարկներով և ճանապարհորդական հայտերով:
Բաքրաձեն ասում է, որ երկրի փոքր չափը երկիրն ավելի զգուշավոր է դարձնում ներքին տարածման ռիսկերից:
Բաքրաձեն նաև նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, և քաղաքացիները պատրաստ էին այնպիսի զոհողությունների, ինչպիսիք են միջազգային թռիչքների արգելքը և սոցիալական վերահսկողության այլ միջոցներ:
«Մենք սովորել ենք դժվարին պահերին միասին կանգնել», – ասել է Դավիթ Բաքրաձեն:
The Washington Post-ը կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողված երկրների օրինակներ է թվարկում՝ Վիետնամ, Գանա, Կոստա Ռիկա ու Նոր Զելանդիա: