Քաղբանտարկյալներին ազատ չարձակելը նշանակում է պայմանավորվածության ձախողում: Նման դեպքում ընդդիմադիր խմբակցությունները, որոնք բոյկոտում էին, կշարունակեն խորհրդարանական բոյկոտը: Այս մասին ասվում է վրացական ընդդիմության հայտարարության մեջ, որն այսօր կատարվել է Լեյբորիստական կուսակցության գրասենյակում հանդիպման ժամանակ:
Իրենց հայտարարության մեջ ընդդիմադիր կուսակցությունները շեշտում են, որ իրենք հավատարիմ են պայմանավորվածության կատարմանը:
«Այն դեպքում, երբ քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, ընտրական համակարգում փոփոխությունները չընդունելու հերթական պատասխանատվությունը կրելու են անձամբ Իվանիշվիլին և նրա թիմը: Քաղբանտարկյալներին չազատելը նշանակում է, որ Իվանիշվիլին ամբողջությամբ խափանում է այս պայմանավորվածությունը: Այս պայմաններում բոյկոտի ռեժիմում գտնվող ընդդիմադիր խմբակցությունները կշարունակեն խորհրդարանական բոյկոտը:
Եթե Իվանիշվիլին չկատարի այս պայմանավորվածությունը, Վրաստանը կվնասվի այն ժամանակաշրջանում, երբ բարեկամների օգնությունը հատկապես կարևոր է ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ երկրի անվտանգության համար: Այս ամենի համար պատասխանատվությունը կրելու է Իվանիշվիլին: Այս պայմանի խախտումը նրան չի փրկի 2020-ի խորհրդարանական ընտրություններում պարտությունից: Մեր խնդիրն է ապահովել, որ Վրաստանում բոլոր փոփոխություններն իրականացվեն միայն Սահմանադրության շրջանակներում և խաղաղ ճանապարհով, որպեսզի Վրաստանը կարողանա տեղափոխվել որակապես նոր մակարդակի ժողովրդավարական զարգացման, իսկ երկրորդ անգամ իշխանափոխությունը տեղի ունենա ընտրությունների միջոցով», – ասված է վրացական ընդդիմության հայտարարության մեջ: