Ախալքալաքի շրջանային վարչությունն անընդմեջ դիմումներ է ընդունում և տեղում արձանագրում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ուժգին քամու պատճառած վնասի չափերը: Արդեն 150 տուժված ընտանիք է հաշվառվել:

Վաղ առավոտյան Ախալքալաքի շրջանի վարչության ենթակառուցվածքների ծառայությունում են հավաքվել անցյալ շաբաթվա ուժեղ քամուց տուժված բնակիչները: Մարդիկ հույս ունեն, որ պետությունն օգնելու է, իսկ ոմանք էլ հույսերը չդնելով ոչ ոքի վրա ինքնուրույն են ծածկում կտուրները, վախենալով` որ կգա ձյունը ու վնասը շատ ավելին կլինի:

Ախալքալաքի շրջանային վարչության տվյալներով վնասներ են կրել 140-ից մինչև 150 ընտանիքներ:

«Հիմնականում վնասներ են կրել Գոգաշեն ու Գումբուրդո /վրց. Կումուրդո/ գյուղերը: Մոտավորապես 50 ընտանիքներ տուժվել են Գումբուրդո գյուղում և 40-ից ավելի մոտ 50 ընտանիք էլ Գոգաշենում: Վնասներ են կրել նաև Ափնիա, Ամզանա, Քարսեպ, Հոկամ գյուղերը: Կան մասամբ և ամբողջությամբ քանդված կտուրներ: Ուժգին քամու պատճառով նույնիսկ տան կառույցները թեքվել են: Տունը հին էր և հիմա վթարային վիճակում է, այնտեղ ապրելը վտանգավոր է: Դրանից բացի վնասվել են նաև նախկին զինվորական քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքի կտուրը և երկհարկանի ընդհանուր բնակարանը Վաչիան գյուղում. դա 1000 քառակուսի մետր տարածք է, դրանից 480 մետրը Վաչիանում, և 520 քառակուսի մետրը զինվորական ավանում»,- ասաց Ախալքալաքի շրջանային վարչության ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանը:

Նահատակյանի խոսքով, դեռևս շրջանային իշխանությունները հաշվառում և գնահատում են աղետի հասցրած վնասները, բայց, թե երբ կլինի, կամ թե առհասարակ փոխհատուցում կլինի` պարզ չէ:

«Շրջանի հնարավորությունները փոքր են, որպեսզի բոլորին ամբողջությամբ փոխհատուցենք: Մենք խնդրեցինք Ֆինանսների նախարարությանը, բայց ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է, մեզ դեռ պարզ չէ, ինչ ձևով կլինի փոխհատուցումը: Մենք մտածում ենք այդ մասին, թե ինչ կերպ կլինի փոխհատուցումը, եթե որևէ ապրանք վնասվել է, որքան պետք է փոխհատուցվի դրա դիմաց: Վնաս է հասցրել քամին, ուժեղ քամին, բայց եթե ժամանակին չծածկվեն կտուրները, երկրորդ վնասը կհասցնի ձյունը»,- ասաց Ալբերտ Նահատակյանը:

Քրիստինե Մարաբյան