Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հայտնում է, որ այն գյուղերում, որոնք նա սպասարկում է, աղբահանման սակագինը նույնն է, ինչ քաղաքում՝ ամսական 40 թեթրի: Ինչպես բացատրում են սպասարկման կենտրոնից, 2019 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի որոշմամբ ընդունվել է այդ սակագինը:

Մայիսի 6-ին Jnews- ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Ախալքալաքում ջրի և աղբի սուբսիդավորումը չի գործում: Հոդվածում ասվում է, որ գյուղերից աղբահանությունը մեկ ընտանիքի համար արժե ամսական միջինը 3 լարի: Այս տեղեկատվությունը տարբեր գյուղերի բնակիչների խոսքերի վրա է հիմնված:

Այնուամենայնիվ, Ախալքալաքի մունիցիպալիտետում ամեն ինչ չէ, որ միանշանակ է աղբահանման հարցում:

Աղբահանման համար սպասարկման կենտրոնը վճար է հավաքում միայն հետևյալ գյուղերից՝ Կուլիկամ, Բավրա, Խուլգումո, Խոսպիո, Մարտունի, Մուրջախեթ, Չամդուրա, Մաջադիա, Կորխ, Թոթխամ և Գոման:

«2018-ին մենք 2-3 ամիս այս սակագնով էինք հավաքում, ընտանիքը վճարում էր 3 լարի՝ անկախ ընտանիքում ապրող մարդկանց քանակից, բայց Սակրեբուլոյի որոշումից հետո յուրաքանչյուր անձի համար հավաքում ենք 40 թեթրի: Մենք նրանց անդորրագիր ենք տալիս: Մենք բոլոր գյուղերում չենք հավաքում, միայն 11֊ում։ Մեր աշխատողներն օր մեջ աղբը հանում են այդ գյուղերից: Վճարը հավաքելու համար մենք տվյալ գյուղից աշխատող ենք ընդունել աշխատանքի, և նրան վճարում ենք հավաքված գումարի 30%֊ի չափով աշխատավարձ », – ասում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Իրավաբանական անձանց համար քաղաքում և գյուղերում աղբահանումը ամսական 1 խորանարդ մետրի համար արժե 25 լարի:

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը աղբը հանում է այն ​​գյուղերից, որտեղ տեղադրված են աղբամաններ: Դրանք տեղադրված են գյուղերի կենտրոնական և զուգահեռ փողոցներում՝ 15-ից 25 հատ, կախված գյուղի բնակիչների թվաքանակից:

Ոչ բոլոր գյուղերն են սպասարկվում սպասարկման կենտրոնի կողմից, ուստի ոմանք գտնում են այս հարցի իրենց այլընտրանքային լուծումները: Օրինակ՝ Կարտիկամ գյուղից աղբը հանվում է իրենց՝ գյուղացիների կազմակերպմամբ և նախաձեռնությամբ, երեք ամսվա համար յուրաքանչյուր ընտանիքից հավաքում են 10 լարի, ստացվում է ամսական 3,30 լարի: Իր իսկ նախաձեռնությամբ Դիլիսկա գյուղը նույնպես փորձում է հանել աղբը, բայց գործընթացը դեռ կանոնավոր բնույթ չի կրում :

Սպասարկման կենտրոնի տնօրենի խոսքով, 20 օր առաջ Դիլիսկա գյուղում բնակիչները իրենց ուժերով մաքրություն են արել գյուղում, սակայն աղբը աղբավայր տեղափոխելու փոխարեն, այն հավաքել են գյուղի մոտակայքում՝ արհեստականորեն ստեղծված աղբավայրում:

Գրեթե բոլոր գյուղերում բնակիչները ստեղծել են արհեստական ​​աղբավայրեր, որտեղ էլ թափում են աղբը: Դրանք հիմնականում գտնվում են ճանապարհների վրա, գյուղատնտեսական դաշտերում: Այդ արհեստական ​​աղբավայրերից պարբերաբար աղբը հավաքելու միջոց և հնարավորություն Սպասարկման կենտրոնը չունի: Այնուամենայնիվ, ամեն տարի նրանք մի քանի գյուղերից աղբը դուրս են բերում:

Արմեն Բիչախչյանի խոսքերով, նրանք վերջերս դիմում խնդրանք են ստացել Բեժանո գյուղից՝ մաքրել գյուղի ճանապարհին ստեղծված արհեստական ​​աղբավայրը: Բեժանոյի բնակիչների խոսքերով, հարևան երեք գյուղերի բնակիչները նույնպես իրենց աղբը նետում են այնտեղ:

«Եթե գյուղերը մեզ նամակով դիմեն, և մենք ֆինանսական հնարավորություն ունենանք, այդ վայրերից աղբը կհավաքենք: Անցյալ տարի ևս մենք մաքրել էինք Բեժանո գյուղի արհեստական ​​աղբավայրը, այս տարի նորից կմաքրենք այն, քանի որ նրանք են դիմել մեզ», – ասաց Արմեն Բիչախչյանը:
.