Այսօր՝ մայիսի 6-ին, ախալքալաքցիները նշեցին Ծռատոնը: Ոչ արտակարգ դրությունը, ոչ էլ մեկ շաբաթ տեղացող հորդառատ անձրևը չխանգարեց, որ մարդիկ բարձրանային Տավշանկա բլրի գագաթը:
Առավոտյան անձրև էր մաղում, կեսօրից հետո սկսվեց տեղատարափ: Սակայն առավոտվանից 2 կամ 3 հոգով ախալքալաքցիները բարձրանում էին Տավշանկա բլրի գագաթ, այն սրբավայրեր, որտեղ ախալքալաքցիներն ամեն տարի մայիսի 6-ին ուխտագնացություն են կատարում:
Վերջերս, Ախալքալաքի շատ բնակիչների համար հոգու թեթևացում է դարձել բնության գիրկ դուրս գալը, որոնք կորոնավիրուսի պատճառով մնում են տանը:
Չնայած գարունն Ախալքալաքում ցրտաշունչ է, բայց և գեղեցիկ ժամանակահատված է: Կանաչապատ խոտի ֆոնի վրա ձյունածածկ լեռները հետաքրքիր համադրություն են ստեղծում, տեսարանն ապշեցուցիչ է: Հատկապես գրավիչ է տեսարանը քաղաքի բարձրունքից, որը ներքևից թվում է շատ փոքր:
Գոյություն ունի լեգենդ, որ այս օրը ոչ ոք գործ չի անում, վախենալով, որ կծռվի։ Մարդիկ հավատում են, որ հնում շատերը գործ են արել և անմիջապես ձեռքերը, ոտքերը ծռվել են։ Իսկ եթե ստիպված էին որեւէ անհետաձգելի բան անել, ապա, պատժից խուսափելու նպատակով, դրանից անմիջապես հետո մի քիչ գարի էին ցանում։ Հավատում էին, որ ցանած գարին ծուռումուռ է դուրս գալիս՝ իր վրա կրելով Սբ. Գեւորգի պատիժը։
Այս տոնը «կարևոր» է նաև հղիների համար: Ծռատոնին հղի կանանց Ջավախքում արգելում են գործ անել, հատկապես կտրող, ծակող իրեր օգտագործել: Ջավախքում հավաստիացնում են, որ այս օրը, եթե հղի կինը գործ է անում, ապա երեխան ծնվում է նշանով: Ահա, թե ինչու Ջավախքում մայիսի 6-ը բառի բուն իմաստով ոչ աշխատանքային է:
Ծռատոնը, որն այսքան տարածված է մեր հասարակության շրջանում, չնայած իր մեջ կրոնական տարրեր է պարունակում, բայց և ժողովուրդն այցելում է այս կամ այն սրբատեղի, սակայն ոչ մի կապ չունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցի և տոների հետ:
Քրիստինե Մարաբյան