Մայիսի 4-ի երեկոյան ամբողջ աշխարհում «COVID-19» վիրուսով վարակվածների թիվը կազմել է 3 592 826, որից 145 268-ը մահաբեր վիրուսով վարակվել են Ռուսաստանում, որտեղ գտնվում է Ախալքալաքի ամենամեծ սփյուռքը: Ինչպե՞ս են Ռուսաստանում ախալքալաքցիները գոյատևում սահմանափակումների այս դժվարին ժամանակներում և ի՞նչ խնդիրների են բախվում:
Մայիսի 4-ի դրությամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 1 356 մարդ: Մեր տեղեկություններով (ոչ պաշտոնական), ծնունդով Ախալքալաքից առնվազն երեք ընտանիք վարակվել է այս վիրուսով և գտնվում է հիվանդանոցներում: Իսկ ինչպե՞ս են մյուս ախալքալաքցիներն ապրում խիստ սահմանափակումների և կարանտինի պայմաններում:
«Մենք դուրս չենք գալիս որևէ տեղ, անգամ խանութ, առանց անհրաժեշտության: Դրա համար մենք անցագիր ենք վերցնում: Եթե առանց անցագրի դուրս գաք, կտուգանվեք, մենք նույնիսկ մոտ բարեկամներին չենք այցելում: Աղջիկս ապրում է Կոլցևոյի մոտ, նա պատմում է, որ այնտեղ հաճախ են առաջանում կիլոմետրտրով խցանումներ, քանի որ ոստիկանությունը ստուգում է անցագրերը: Իմ ծանոթն աշխատում է Կրասնոյարսկի հիվանդանոցներից մեկում, որտեղ Ախալքալաքից մի ընտանիք տառապում է կորոնավիրուսով: Այս բժիշկը պատմում է, որ հիվանդները շատ են, նույնիսկ տեղերը չեն բավարարում, ուստի մենք հավատում ենք, որ դա վտանգավոր է և մենք մնում ենք տանը», – ասում է տնային տնտեսուհին Մոսկվայից, ով չցանկացավ տալ իր անունը:
Ռուսաստանում բնակություն հաստատած ախալքալաքցիները փորձում են հարմարվել նոր իրականությանը և գոյատևել:
«Փորձում եմ բիզնեսը պահպանել նույն ռիթմով, հիմնականում այն բանի շնորհիվ, որ ես գտնում եմ նոր հաճախորդներ և անցել եմ առցանց վաճառքի: Ես վաճառքները առցանց էի կատարում մինչ համավարակը, և դա ինձ շատ օգնեց: Մարդիկ, ովքեր զբաղվում են ոչ պարենային բիզնեսով, շատ են տուժել, գրեթե հավասարվել են զրոյի: Իմ բիզնեսը կապված է մթերքների հետ: Ես իսկապես չեմ զգում կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն իմ վրա», – ասում է մոսկվացի գործարար Յ. Բաբայանը:
Ն. Ղարիբյանը նույնպես ծագումով Ախալքալաքից է, նա աշխատում է որպես Հյուսիսային Կովկասի Ժելեզնովոդսկի դեղատան վարիչ: Ջավախքից շատ հայեր են այստեղ ապրում և աշխատում: Նա ևս զգում է կարանտինի ծանրությունը:
«Մենք մեր քաղաքում վարակակիրներ չունենք, բայց ավաններ կան, որոնք պատկանում են մեր քաղաքին, այնտեղ կան վարակված մարդիկ: Մեր քաղաքում կարանտին է, գործում են միայն դեղատները, պոլիկլինիկան, հիվանդանոցն ու խանութները: Բոլորս (նկատի ունի ով աշխատում է) ունենք անցագրեր: Այո, մարդիկ հետևում են կարանտինային պայմաններին, հիմնականում մարդկանց կարող եք տեսնել միայն խանութներում և դրանց մոտակայքում: Ինչպես մեզ տեղեկացրեց մեր քաղաքապետը, 26 հոգի Ինոզեմցևոյի (Ռուսաստան Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Ժելեզնովոդսկի քաղաքային օկրուգի կազմում գտնվող բուժավայրային ավան) բնակիչ է, բայց, անկեղծ ասած, չնայած այն բանին, որ ես դուրս եմ գալիս փողոց, միևնույն է, այս ամբողջ իրավիճակը ճնշող է, ես ուզում եմ դուրս գալ փողոց, ուզում եմ շփվել մարդկանց հետ», – ասում է Ն. Ղարիբյանը:
Մեր հաջորդ զրուցակիցն աշխատում է Կալուգա քաղաքում գտնվող գործարանում: Նա հավատացնում է, որ նույնիսկ աշխատավարձի առկայության դեպքում, շատ դժվար է ապրել և վարկեր մարել: Նա Ռուսաստանում այն բազում մարկանցից մեկն է, ով չի հավատում վիրուսի գոյությանը:
«Ես ոչինչ չեմ տեսել իմ սեփական աչքերով, միայն հեռուստատեսությամբ են ասում, թե քանի մարդ է հիվանդացել, որքան մարդ է մահացել և ապաքինվել: Մարտի 27-ից ապրիլի 30-ը պաշտոնապես հանգստյան օրեր էին, փոքր բիզնեսը, ամենը փակված են, բոլորը մնացել են առանց փողի: Նրանք, ում աշխատանքը ոչ պաշտոնական է, նստած են անգործ և սով են ապրում: Իմ բախտն փոքր-ինչ է բերել: Ես աշխատում եմ գործարանում, պաշտոնապես, արձակուրդային օր ունեմ, ես միայն աշխատավարձս կստանամ առանց հավելավճարի: Համենայն դեպս այդպես են խոստացել: Մարդկանց 70-80%-ը դուրս են գալիս փողոց, հիմնականում 50 տարեկանից ցածր մարդիկ: Ծերերը վախենում են: Ես գրեթե ամեն օր դուրս եմ գալիս: Գումարը գրեթե չի հերիքում, քանի որ ես ունեմ հիփոթեք և դրան գումարած վարկեր: Կարանտինի պատճառով բավարարում է միայն դրա համար: Բանկերը չեն տալիս վարկային ընդմիջումներ, չնայած կառավարությունը խոստացել էր: Մի խոսքով, ինձ պես շատ մարդիկ կան, մարդիկ, ովքեր վարկեր ունեն, ոմանք նույնիսկ ինձանից ավելի վատ վիճակում են: Նրանք վարկեր են վերցրել, բացել իրենց սեփական բիզնեսը, իսկ մեկ ամսից սկսվեց կարանտինը: Նրանք չեն կարող վարձակավճարը տալ, չեն կարող մարել վարկը, և նրանք նույնիսկ մտածում են վերջ տալ իրենց կյանքին: Ցերեկային ժամերին հասարակական տրանսպորտը դադարել է գործել, այն աշխատում է առավոտյան 5-ից 10-ը: 10-ից 16:00-ն տրանսպորտ չկա, մենք քայլում ենք կամ տաքսի ենք նստում (տաքսիստները աշխատում են մշտապես): Ես դուրս չգալ չեմ կարողանում, քանի որ հարկավոր է գնալ բանկ, վարկերը մարել կամ նման այլ գործեր, հիվանդանոց գնալու համար պետք է քաղաքի մյուս ծայրը հասնել, դրա համար պետք է տաքսի կանչել, կամ ով փող չունի, ստիպված է ոտքով գնալ», – ասում է Ս. Պետրոսյանը՝ Կալուգա քաղաքից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ մինչև մայիսի 5-ը կառավարությունը նախապատրաստի ինքնամեկուսացման ռեժիմից փուլային ելքի ծրագիր: Նախարարների կաբինետը պետք է սահմանի այն չափանիշները, որոնցով մարզերի ղեկավարները մայիսի 12-ից կկարողանան որոշում կայացնել կարանտինի մեղմացման մասին…
Քրիստինե Մարաբյան