Վրաստանի ՄԻՊ-ը տեղեկատվություն է հրապարակում նրանց համար, ովքեր տուգանվել են կարանտինի և մեկուսացման, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները խախտելու համար:

Կանոնները խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000:

Օմբուդսմենի գրասենյակի կողմից հրատարակված փոքրածավալ հանրամատչելի գրքույկը պարունակում է բոլոր այն հարցերն ու պատասխանները, որոնք կարող են առաջանալ տուգանված քաղաքացիների մոտ:

1. Որտե՞ղ կարող եմ բողոքարկել տուգանքի վերաբերյալ որոշումը:

– Տուգանքի մասին որոշումը կարող է բողոքարկվել կամ (1) վերադաս մարմնում (ավելի բարձր պաշտոնյայի հետ), կամ (2) անմիջապես շրջանային (քաղաքային) դատարանում:

2. Ո՞վ է համարվում վերադաս պաշտոնատար անձ:

– Վերադաս պաշտոնատար անձ է համարվում ցանկացած անձ, որը գլխավորում է այն ոստիկանության աշխատակիցներին, որոնք Ձեզ տուգանել են: Թեպետ, ՆԳ նախարարը համարվում է ոստիկանության բոլոր աշխատակիցների բարձրագույն պաշտոնատար անձը, հետևաբար, բողոքարկման ընթացակարգը պարզեցնելու համար կարող եք բողոք ներկայացնել ուղղակիորեն նախարարի անունով:

3. Ո՞ր ժամանակահատվածում ես պետք է բողոքարկեմ տուգանքը, եթե դիմում եմ դատարան:

– Եթե Դուք դիմում եք անմիջապես դատարան, ապա բողոքը ներկայացնելու համար ունեք 10 օր:

4. Կարո՞ղ եմ արտակարգ դրության ժամանակ դիմել դատարան:

– Այո: Եթե դուք չեք ցանկանում օգտագործել վերադաս մարմնում բողոքարկման ձեր իրավունքը և ցանկանում եք անմիջապես դիմել դատարան, ապա դուք պետք է (կարող եք դա անել) դա անեք՝ անկախ արտակարգ դրության ռեժիմից:

5. Եթե դատարանը չբավարարի իմ բողոքը, որքա՞ն ժամանակվա ընթացքում պետք է վճարել տուգանքը:

– Դատարանի որոշման կայացումից հետո 30 օրվա ընթացքում: Դուք պարտավորվում եք տուգանքը վճարել, նույնիսկ եթե արտակարգ դրությունը դեռ գործում է:

6. Ի՞նչ է նշանակում տուգանքի մասին որոշման հանձնում:

– Հանձնումը նշանակում է փաստաթղթի փաստացի ստացում: Ոստիկանը տեղում հանձնում է այսպես կոչված տուգանքի անդորրագիրը: Այն դեպքում, երբ դուք հրաժարվում եք որոշումն ընդունելուց, այն միևնույն է կհամարվի որոշման հանձնում:

7. Ի՞նչ ժամկետներում ես պետք է բողոքարկեմ տուգանքը, եթե ես պետք է բողոք ներկայացնեմ վերադաս մարմին:

– Արտակարգ դրության պայմաններում այս ուղղությամբ սահմանվում են տարբեր կանոններ, և դուք իրավունք ունեք բողոքարկել տուգանքը արտակարգ դրությունից հետո՝ 10 օրվա ընթացքում: Տուգանքի վճարման պարտավորությունը ծագում է բողոքարկման ընթացակարգի ավարտից հետո:

8. Եթե վերադաս պաշտոնատար անձը չբավարարի իմ բողոքը, ուրիշ ի՞նչ կարող եմ անել:

– Այս դեպքում դուք իրավունք ունեք դիմել դատարան: Եթե առաջին ատյանի դատարանը (քաղաքային/շրջանային դատարան) չի բավարարում ձեր հայցը, դուք կարող եք այդ որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, և այդպիսով բողոքարկման կարգը սպառվում է:

9. Եթե ես մտադրություն չունեմ բողոքարկել տուգանքը, ե՞րբ ես պետք է այն վճարեմ:

– Եթե մտադրություն չունեք բողոքարկել տուգանքը ոչ դատարանում, ոչ էլ վերադաս մարմնում, ապա դուք հնարավորություն ունեք վճարել տուգանքը հիմա, բայց ոչ ուշ, քան արտակարգ դրության ավարտից 30 օր հետո:

10. Արդյո՞ք իրավունք ունեմ օգտվել փաստաբանի ծառայություններից:

– Վերաքննիչ բողոքը ներկայացնելիս և գործը քննարկելիս դուք իրավունք ունեք օգտվել փաստաբանի օգնությունից, իսկ այն փուլում, երբ ոստիկանը որոշում է տուգանել Ձեզ, տեղում փաստաբանի բացակայությունը չի կասեցնում այս ընթացակարգը և չի խոչընդոտում Ձեզ տուգանելուն:

11. Տուգանքները բողոքարկելու և վճարելու վերը նշված կանոնները վերաբերում են միայն կարանտինի և/կամ մեկուսացման կանոնների խախտմա՞նը:

– Այո: Եթե դուք կատարեք որևէ այլ վարչական իրավախախտում կամ զանցանք, Ձեզ կառաջադրվի լրացուցիչ պատասխանատվություն: Օրինակ, եթե տուգանքի ընթացում չեք կատարում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը, դա կհանգեցնի լրացուցիչ տուգանքների և/կամ նույնիսկ բանտարկության:

12. Եթե ես երկրորդ անգամ եմ խախտում կարանտինի և/կամ մեկուսացման կանոնները, արդյո՞ք կրկին տուգանվելու եմ վարչական կարգով:

– Ո՛չ: Այս դեպքում ձեր դեմ կհարուցվի քրեական գործ: Կրկնվող գործողությունը նախատեսում է ազատազրկում: Այսօրվա դրությամբ դրա համար նախատեսված է 3 տարի ազատազրկում, իսկ ըստ Քրեական օրենսգրքում Վրաստանի խորհրդարանի կողմից մտցված փոփոխությունների՝ մայիսի 2-ից հետո կատարված նույն արարքը նախատեսում է մինչև 6 տարի ազատազրկում:

Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ բոլոր այն անձինք, ովքեր կրկին անգամ խախտում են կանոնները, ավտոմատ կերպով նշանակվում է ազատազրկման առավելագույն ժամկետը (3 կամ 6 տարի), գործը կփոխանցվի դատարան, որը անհատականորեն կգնահատի ձեր գործողությունները, դրանց ծանրությունը, ձեր մեղքի աստիճանը և ըստ այդմ կընդունի համապատասխան որոշում, այդ թվում և մեղքը հաստատելու դեպքում, դատարանը կձեռնարկի անհատական միջոցառումներ: