Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղից 59-ամյա Կոյլա Մանասյանը երիկամային անբավարարություն ունի, նա արդեն երկու տարի է շաբաթական երկու անգամ գնում է Ախալցիխե հեմոդիալեզի: Բանն այն է, որ վերջինս Վրաստանի քաղաքացի չէ, այդ պատճառով նրա բուժումը վճարովի է և ամեն անգամ նա 200 լարիից ավելի գումար է ծախսում: Փորձել է վերականգնել կորցրած քաղաքացիությունը, բայց՝ ապարդյուն:
Սկզբնական շրջանում Կոլյա Մանասյանը հեմոդիալեզի է գնացել շաբաթական երեք անգամ, այնուհետև գումար չունենալու պատճառով բժշկի հետ խորհրդակցելուց հետո դարձրել երկու անգամ, հիմա էլ մտածում է մեկ անգամ դարձնելու մասին, սակայն բժիշկն արգելել է։
«Ինչ անեմ, այդքան փող ինձ որտեղից, ուզում եմ մեկ անգամ դարձնել, սակայն շատ վտանգավոր է, կարող է անդառնալի լինել, բժիշկն ասաց, որ չի կարելի, բայց ես ի՞նչ անեմ, ի՞նչ…», – տխուր ու մտախոհ հայացքը խոնհարելով պատմում է Կոլյա Մանասյանը։
Վերջինս շրջանում երիկամների անբավարարությամբ տառապող մարդկանց հետ հասարակական տրանսպորտով չի կարող գնալ դիալեզի, քանի որ այդ ժամին բոլոր տեղերը զբաղված են լինում հիվանդանոցում, և ինքն ստիպված է լինում տաքսիով գնալ։ Պատմում է, որ մի խղճով մարդու է հանդիպել, ով էլ իրեն 45 լարիով է տանում, 4 ժամ սպասում ու հետ է բերում։
Երիկամների խնդիր դեռ 18 տարեկան հասակում է ձեռք բերել, երբ Վրաստանում բժիշկները նրան սխալ բուժում են արել, այնուհետև ծնողները նրան տարել են Ռուսաստան բուժումը շարունակելու։ Նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, որպեսզի հիվանդության թոշակ ստանա, սակայն այդ ժամանակ ծնողները հասարակական բարքերից ելնելով որոշել են թոշակ չհանել, որ չասեն հիվանդ է՝ թոշակ է ստանում։ Այդպես էլ մինչև օրս վերջինս ոչ մի կոպեկ չի ստանում:
Քանի որ Ռուսաստանի քաղաքացի է նրա բուժումը վճարովի է, պետությունը չի հովանավորում նրան, ինչպես մնացած այն անձանց, ովքեր հեմոդիալեզ են ստանում։ Սակայն նա ունի ժամանակավոր բնակությունը հաստատող փաստաթուղթ, որն էլ այս պարագայում ոչ մի դերակատարություն չունի։
Դիլիսկա գյուղից Կոլյա Մանասյանն դիմել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, բայց՝ ապարդյուն։
«Անցած տարի փորձեցի ստանալ, սակայն չկարողացա։ Վճարեցի 350 լարի, որպեսզի երկու ամսում ստանամ անձնագիր, կարելի է նաև վճարել 250 լարի, որի դեպքում երեք ամիս է տևում, սակայն ես մտածեցի, որ շուտ լինի։ Գնացի Թբիլիսիի արդարադատության տուն, բերեցին վրացերենով թեստը դիմացս դրեցին, ես վրացերեն չգիտեմ, մեր ժամանակներում վրացերեն ո՞վ էր սովորում, վերցրի գրիչը և պատահական նշեցի, 10 օր անց պատասխան եկավ, որ չեմ կարողացել հանձնել քննությունը»,- պատմում է նա:
Ճարահատյալ նա դիմել է բոլոր տեղերը, օգնության ակնկալիքով:
«Դիմեցի քաղաքապետարան, պատգամավորին, նրանք ինձ ասացին, որ միայն Թբիլիսին կարող է ինձ անձնագիր տալ, իրենք ոչինչ չեն կարող անել։ Հետո ասացին, որ ընտրություններ պետք է լինի և ընտրությունների համար զեղջ պետք է անեն և քննություն չի լինելու։ Չգիտեմ ինձ հանգստացնելու համար ասացին, թե իրոք այդպես է լինելու, չեմ կարող ասել»,- նշում է Կոլյան։
Տան հիմնական եկամուտ բերողը արտերկրյա աշխատանքի գնացող որդին է, սակայն այս տարի գանցել է Ռուսաստան աշխատանքի և հիվանդացել, նա էլ ունի առողջական խնդիրներ և հիմա չի աշխատում։
Հերիքնազը՝ Կոլյա Մանասյանի կինը չկարողանալով զսպել արցունքները, պատմում է, որ ամեն ինչ անում է, ամուսնուն օգնելու համար։
«Հողագործությամբ եմ զբաղվում, անասուններ եմ պահում, պետք է օգնեմ ամուսնուս։ Մենք ուտելիք չենք գնում, փող ենք հավաքում նրա համար։ Ամեն ամիս դեղորայք ենք գնում, նրան ոչինչ անվճար չեն տալիս։ Ամեն ամիս մոտավոր 1500 լարի է կազմում նրա դիալեզը։ Լինում է ամիս, որ մոլորվում ենք, թե որտեղից գտնենք գումար, օգնել են հարևաններս, բարեկամներս, խնամիներս, բոլորից շատ շնորհակալ եմ», – արցունքները մաքրելով ասում է Հերիքնազը։
Երկար ժամանակ լռելուց հետո նա ասաց.
«Լինում է օր, ամուսինս ասում է՝ կյանքիս վերջ տամ պրծնեմ։ Ի՞նչ անենք, ասենք մի օր չկարողացանք փող գտնել, ի՞նչ է լինելու․․․ Ամեն օր Աստված եմ կանչում», – հավելում է Հերիքնազը։
Կոլյա Մանասյանի և ընտանիքի անդամների միակ խնդրանքն է, օգնել, որպեսզի Վրաստանի քաղաքացիություն ստանա, ուրիշ՝ ոչինչ։
Այս հարցի շուրջ խոսեցինք Վրաստանի խորհրադարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ։
«Անցյալ տարի նոյեմբերի 27-ին, հանդիպում կայացավ, որտեղ ներկա էր Վրաստանի ամբողջ ղեկավար կազմը, և հանդիպման ընթացքում առաջին խնդիրը ես այդ հարցն եմ բարձրացրել։ Այնտեղ գտնվողներին ներկայացրի խնդիրը, և ասացի, որ 45-ից բարձր տարիք ունեցող անձանց համար շատ դժվար է պետական լեզուն սովորել և այդ մարդիկ մեղք են, այդ հարցով պետք է զբաղվել։ Նրանք մեզ հարցին, թե այսպիսի խնդիր ունեցող քանի մարդ կա, ասացի, որ հազարների է հասնում թիվը։ Նշել եմ, որ այդ մարդիկ եղել են Վրաստանի քաղաքացի, սակայն իրենց ընտանիքները պահելու համար ուրիշ երկրի քաղաքացիություն են ստացել։ Նրանք այդ հարցով շատ լուրջ զբաղվում են, ուղղակի այս հարցը միայն Վրաստանից չէ կախված, նաև Եվրոպայի հետ է կապված, քանի որ վերջին ժամանակներում շատ գաղթյալներ կային Գերմանիայում, Իսպանիայում և այդ իսկ պատճառով էլ խստացրել են, սակայն մենք խնդրել ենք, որ լեզվի հարցը թեթևացվի, որ մարդիկ կարողանան քաղաքացիություն ստանալ», – ասում է Հենզել Մկոյանը։
Միաժամանակ պատգամավորը հավելում է՝ բազմաթիվ նախագծեր են իրականցվում օգնելու հեմոդիալեզ ստացող քաղաքացիներին։
«Լուծել ենք տրանսպորտի հարցը, ամսական 1000 լարին, ինչ որ կարող ենք անում ենք մեր քաղաքացիների համար, սակայն այն անձիք, ովքեր մեր քաղաքացիներ չեն օրենքը թույլ չի տալիս, որ ինչ-որ բան անենք։ Ուղղակի պետք է սպասել, միայն սպասել»,- նշում է պատգամավորը։
Արդարադատության տնից պարզաբանում են.
«Ըստ Վրաստանի քաղաքացիության մասին օրենսգրքի, եթե անձը դադարեցրել է Վրաստանի քաղաքացիությունը, ապա մինչև տարեվերջ կարող է դիմել այն վերականգնելու համար, եթե արդեն բացասական պատասխան է ստացել, ապա պետք է սպասի մեկ տարի, որ նորից կարողանա դիմել։ Ինչ վերաբերում է վրաց լեզվի քննությանը, ապա դա նույնպես օրենքով պարտադիր է, քննությունից ազատվում է այն անձը, այն քաղաքացին, ով կներկայացնի առողջության մասին հաստատող N100 փաստաթուղթը, այն մասին, որ նա ֆիզիկական իրավիճակից ելնելով չի կարող ներկայանալ քննության և չի կարող գրել։ Այդ փաստաթուղթը կքննարկվի պետական ծառայությունների զարգացման գործակալության կողմից և այնուհետև կուղարկվի նախագահին»,- ասացին նախարարությունից։
Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ, որ զիջման գնան այս քաղաքացու պարագայում, նախարարությունում նշում են՝ օրենքը հավասար է բոլորի համար։ Սակայն եթե մարդը հնարավորություն չունի ամեն ամիս այդքան գումար վճարել, ի՞նչ է անելու, ո՞րն է ելքը…
Գայանե Ակոջյան