Այսօր, ապրիլի 29-ին հայտնի է դարձել Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայից Լուգարի լաբորատորիա ուղարկված թեստերի արդյունքները, որտեղ համավարակի պայմաններում գործում է Ինֆեկցիոն կենտրոնը: 39 հոգուց կորոնավիրուս հաստատվել է միայն մեկի մոտ: Վարակված պացիենտը կարանտինային գոտուց տեղափոխվել է կլինիկա:
Երեկ՝ ապրիլի 28-ին, ընդհանուր առմամբ 39 մարդ կորոնավիրուսի ստուգման նպատակով Ախալցիխեի կենտրոնից ուղարկվել է հետազոտման: 39 հոգուց 22-ը բժշկական հաստատությունների աշխատակիցներ են:
«Մենք ստացել ենք 17 հոգու թեստերի պատասխանները, որոնցից կորոնավիրուս հաստատվել է միջին տարիքի մեկ անձի մոտ, որը տեղափոխվել էր կարանտինային գոտուց: Ինչ վերաբերում է բուժանձնակազմին, ապա բոլոր պատասխանները բացասական էին», – ասել է «Իմեդի» կլինիկայի գործադիր տնօրեն Գեորգի Բարձիմադեն՝ sknews-ի հետ զրույցում:
– Կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապրիլի 16-ին, վարակը հաստատվել է Բորժոմիի մունիցիպալիտետի Ախալդաբա գյուղում բնակվող մի երիտասարդի մոտ:
– Ապրիլի 23-ին Բորժոմիի կենտրոնում մեկ այլ անձի մոտ նույնպես հայտնաբերվել էր կորոնավիրուս:
– Ապրիլի 25-ին COVID-19-ը հաստատվել էր Ախալցիխեի կարանտինային գոտուց բերված հիվանդներից մեկի մոտ` Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում:
Ապրիլի 28-ի դրությամբ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսային վարակի 4 դեպք է հայտնաբերվել, վարակակիրներից միայն մեկն է տեղացի, այսինքն՝ սա Բորժոմիի առաջին դեպքն է, որը հաստատվել էր ապրիլի 16-ին, երեք հոգին Վրաստանի տարբեր շրջաններից են, ովքեր գտնվել են տարածաշրջանի կարանտինային գոտիներում: