2008 թվականից ի վեր առաջին անգամ Վրաստանի բանկային հատվածը վնասով է աշխատել. 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ոլորտի մաքուր վնասը 747 միլիոն լարի է կազմել: Այս մասին ասված է Վրաստանի Ազգային բանկի (ՎԱԲ) կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Առաջին եռամսյակի արդյունքներով բանկային հատվածի գործառնական շահույթը 386 միլիոն լարի է կազմել: Մաքուր շահույթը բացասական է` մինուս 747 միլիոն լարի, ինչը բոլոր ակտիվների 1.5 տոկոսն է կազմում:
ՎԱԲ-ում պարզաբանել են, որ վնասը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով և COVID-19-ի հետ կապված բացասական ակնկալիքներով:
Մարտին բանկային հատվածը պահուստ էր ստեղծել հնարավոր կորուստների համար` 1.2 միլիարդ լարիի չափով:
«Այս թիվը ներկայացնում է միայն հավանական կորուստները: Պահուստը, եթե այդպիսի կորուստ իսկապես տեղի ունենա, բանկերին թույլ կտա խուսափել ֆինանսական կայունության ռիսկերից»,- պարզաբանում են ՎԱԲ-ում:
Իր հերթին, ՎԱԲ-ը հաստատել է կապիտալի հետ կապված լրացուցիչ պահանջները, որն օգնել է «բավականաչափ մեծ բուֆեր» ստեղծել` սթրեսային իրավիճակը հաղթահարելու համար: Դեռ մարտ ամսին ՎԱԲ-ը բանկերի համար 1.6 միլիարդ լարի կապիտալ էր ազատել: Բացի այդ, պատրաստակամություն էր հայտնվել անհրաժեշտության դեպքում կապիտալի լրացուցիչ ազատման համար:
ՎԱԲ-ում նշում են, որ մինչ այժմ բանկային հատվածը եկամտաբեր է եղել: 2019-ի վերջին ոլորտի սեփական կապիտալի շահութաբերությունը ֆիքսվել է 20 տոկոսի մակարդակում:
«Սպասվող վարկային վնասների պատճառով բանկերի մաքուր շահույթն այս տարի կարող է բացասական լինել, սակայն հաշվի առնելով ծանրակշիռ գործառնական եկամուտները` ակնկալվում է, որ համավարակի ավարտից հետո բանկերը շուտով կվերականգնեն շահույթը»,- նշված է հայտարարության մեջ:
ՎԱԲ-ում ընդգծում են, որ տնտեսությունը բնութագրվում է ցիկլայնությամբ, և, ինչպես և մյուս բոլոր ոլորտները, բանկային հատվածն ունենում է ինչպես շահավետ, այնպես էլ վնաս կրող տարիներ: Կարգավորողը վստահ է, որ վերահսկողական պահանջների խստացման շնորհիվ հաջողվել է բանկային ոլորտը լավ նախապատրաստել այսօրվա մարտահրավերներին:
«Վրաստանի Ազգային բանկի կողմից խելամիտ կարգավորիչ քաղաքականության արդյունքում բավականին մեծ բուֆեր է ստեղծվել` ընթացիկ տարում հնարավոր կորուստները չեզոքացնելու համար, և բանկային ոլորտի կայունությանը ոչինչ չի սպառնում»,- նշված է հայտարարության մեջ:
Նյութը՝ «Новости-Грузия»-ից