Երկու տարի սպասված հայոց լեզվի և գրականության դասագրքերը հասան Վրաստան: ՀՀ Սփյուռքի նախարարությունը Վրասատանի ԿԳ նախարարության հետ երկարատև բանակցությունների արդյունքում 5 265 դասագիրք ուղարկեց Վրաստանի հայկական դպրոցներին:
Վրաստանում գործող 135 հայկական դպրոցներին կբաժանվի մայրենիի և գրականության նոր դասագրքեր: Ճիշտ է ուղարկված դասագրքերի քանակը ամբողջովին չի լրացնում դասագրքերի պակասը, բայց գոնե աշակերտների մի մասը մայրենին չի սովորի պատառոտված դասագրքերով:
Ինչպես տեղեկացանք ՀՀ Սփյուռքի նախարարությունից 5 265 կտոր ուսումնական գրականությունը՝ դասագիրք և աշխատանքային տետրեր, արդեն Վրաստանում Հայասատանի դեսպանատանն է գտնվում և շուտով այն համաչափ կբաժանվի ըստ դպրոցների:
«Մենք անընդհատ բանակցությունների մեջ ենք վրացական կողմի հետ: Գիտենք, որ դասագրքերի պահանջը ավելի մեծ է: Հնարավորության դեպքում պարբերաբար կթարմացնենք դասագրքերը»,- ասաց Սփյուռքի նախարարության Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տարոն Շագոյանը:
Նշենք, որ 2013-ից այս կողմ Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի և գրականության դասագրքեր չէին ստացել:
Աղունիկ Այվազյան