Վրաստանի կառավարությունը հրապարակել է ապրիլի 17-21-ը ներառյալ մարդատար մեքենաներով երթևեկելու արգելքի հետ կապված կետերը, պատասխանել հաճախ տրվող հարցերի:

? Ո՞ր մեքենայով կարող եմ տեղաշարժվել:

Չի արգելվում մոտոցիկլետներով, մոպեդներով և հեծանիվներով տեղաշարժը: Դրա համար հատուկ թույլտվություն չի պահանջվում:

? Արդյո՞ք սահմանափակումը վերաբերում է տաքսիների աշխատանքին:

Այո, սահմանափակումներն արգելում են տաքսիների տեղաշարժը:

? Ինչպե՞ս կարող եմ մեքենայով տեղաշարժման անցագիր ստանալ:

Այն դեպքում, երբ Դուք զբաղվում եք թույլատրված տնտեսական գործունեությամբ, անցագիր ստանալու համար Դուք պետք է դիմեք ճյուղային նախարարություն (օրինակ՝ Գյուղատնտեսության նախարարություն կամ Էկոնոմիկայի նախարարություն): Եթե Դուք զբաղվում եք այնպիսի գործունեությամբ, որոնց վերահսկումը չի կատարվում որևէ նախարարության կողմից, և Ձեր տեղաշարժը, ելնելով գործունեությունից, համարվում է ծայրահեղ անհրաժեշտ, պետք է զանգահարեք կառավարության «թեժ գիծ»՝ 144:

? Ես աշխատում եմ թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակներում: Ինչպե՞ս հասնել աշխատատեղ:

Ձեր փոխադրումը տանից մինչև աշխատատեղ պետք է ապահովի Ձեր գործատուն:

? Ես ունեմ ընկերություն, որը զբաղվում է թույլատրելի տնտեսական գործունեությամբ: Ինչպե՞ս պետք է իմ աշխատողները գան աշխատանքի:

Թույլատրված տնտեսական գործունեություն իրականացնող անձը պարտավոր է ապահովել աշխատողների տեղաշարժը M2 (միկրոավտոբուս) և M3 (ավտոբուս) կարգի տրանսպորտային միջոցներով: Այս թույլտվությունը ստանալու համար ընկերությունը պետք է դիմի համապատասխան մունիցիպալիտետին: Մունիցիպալիտետը ուղևորներին փոխադրելու համար կապահովի M2 և M3 կարգի տրանսպորտային միջոցների տեղաշարժման երթուղու սահմանումը՝ գործառնական շտաբի հետ համաձայնեցմամբ:

? Ինչպե՞ս կարող եմ տեղաշարժվել բժշկական օգնություն ստանալու դեպքում:

Բուժօգնություն ստանալու նպատակով տեղաշարժը թույլատրվում է.

▪ եթե ունեք բժշկական օգնության անհրաժեշտության ակնհայտ նշաններ (օրինակ՝ ծննդաբերության, կոտրվածքի դեպքում և այլն), բժշկական օգնության համար տեղաշարժումը թույլատրվում է (ուղեկցող անձի հետ միասին):

▪ եթե Դուք պետք է պլանավորված բժշկական օգնություն ստանաք (օրինակ՝ դիալիզ, օնկոլոգիական հիվանդությունների բուժում և այլն): Ձեր շարժման ընթացքում դուք պետք է ունենաք բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք:

▪ Այն դեպքում, երբ դուք չունեք այդպիսի տեղեկանք, դուք պետք է կապվեք բուժող բժշկի/բժշկական հաստատության հետ, որն, իր հերթին, ելնելով անհրաժեշտությունից, համապատասխան տեղեկություն է ուղարկում Առողջապահության նախարարություն: Դրանից ելնելով՝ Ձեզ կտրվի նպատակային էլեկտրոնային թույլտվություն: Եթե անհնար է էլեկտրոնային եղանակով տեղեկանքը ստանալ, ապա այն հասցեատիրոջը տրամադրվում է Սոցիալական ծառայության գործակալության շրջանային բաժանմունքի կողմից:

? Կարո՞ղ եմ օգտվել սննդի/դեղագործական արտադրանքի առաքման ծառայություններից:

Թույլատրվում է տեղաշարժվել սննդի և բժշկական արտադրանքի առաքման ծառայություններ մատուցելու համար: Ըստ այդմ, նման ապրանքների առաքման ծառայություններից օգտվելը թույլատրվում է:

? Կարո՞ղ եմ այցելել գերեզմանատուն:

Արգելվում է մուտք գործել գերեզմանատների տարածք: Արգելքը չի տարածվում միայն հանգուցյալի հուղարկավորման դեպքերի վրա:

? Գերեզմանատներ այցելությունն արգելվում է միայն քաղաքում թե՞ ամենուր:

Գերեզմանատների տարածք մուտքն արգելված է ամբողջ երկրում:

? Ո՞ր հաստատություններում է անհրաժեշտ դառնում կրել դիմակ:

Դուք պետք է դեմքի դիմակ կրեք բոլոր փակ հանրային տարածքներում (օրինակ՝ դեղատուն, մթերային խանութ և այլն):

? Կարո՞ղ եմ տեղաշարժվել գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար:

Գյուղատնտեսական աշխատանքների համար տեղաշարժը թույլատրվում է միայն մեքենաներով կամ գյուղատնտեսական նշանակության տեխնիկայով (օրինակ՝ տրակտոր, կոմբայն և այլն): Արգելվում է այլ տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցներով տեղաշարժը:

? Ես ծառայողական մեքենայով տեղաշարժման թույլտվություն ունեմ: Կարո՞ղ եմ այս մեքենայով տեղափոխել ընտանիքի անդամներին կամ այլ մարդկանց:

Ոչ: Նման մեքենայով միայն Դուք պետք է տեղաշարժվեք և միայն ծառայողական նպատակներով:

? Ես իրավունք ունեմ մեքենայով տեղաշարժվել ծառայողական նպատակներով: Կարո՞ղ եմ իմ մեքենայով փոխադրել գործընկերոջս:

Այո, Դուք կարող եք Ձեր մեքենայով տեղափոխել Ձեր գործընկերոջը՝ աշխատատեղ, բայց պահպանելով ուղևորափոխադրման կանոնները` մեքենայում ոչ ավելի, քան երեք մարդ, ներառյալ վարորդը, իսկ հետևի նստատեղում պետք է լինի երկու ուղևոր: