«Արմաթ» ինժիներական լաբորատորիայի սաների ձեռքով պատրաստված 62 պաշտպանիչ դիմավահան է հանձնվել Ախալքալաքի և Նինոծմինդայի հիվանդանոցներին:
Ախալքալաքի հիվանադնոցին է հանձնվել 40, իսկ Նինոծմինդայի հիվանդանոցին 22 պաշտպանիչ դիմավահաններ՝ նախատեսված բուժաշխատողների համար:
3D եռաչափ տպիչների միջոցով մեկ պաշտպանիչ դիմավահան պատրաստելու համար արմաթցիներից մեկ ու կես ժամ է պահանջվել: 62 դիմավահանից 15-ը պատրաստել են Հեշտիա գյուղի «Արմաթի» սաները, իսկ մնացածը՝ Ախալքալաքի:
«Ինչո՞ւ ընտրեցինք հիվանդանոցը, ներկա դրությամբ ամենաթիրախայինը մեր բժիշկներն են, քանի որ հիվանդի հետ անմիջական և սկզբնական շփում հենց իրենք են ունենում։ Որոշեցինք ապահովել բժիշկներին, կարևորելով նրանց առողջությունը, որպեսզի նրանք էլ կարողանան մեր ժողովրդին բժշկական ծառայություններ մատուցել»,- ասում է Ախալքալաքի «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի խմբավար Մարգարիտա Ջավարջյանը։
Ախալքալաքի «Արմաթ» լաբորատորիայի սաները ցանկություն ունեն շարունակել դիմավահաններ պատրաստել, սակայն անհրաժեշտ հումք չունեն, որը Հայաստանից էին ստանում: