Երկու տարի է Ջավախքի հայկական դպրոցները սպասում են հայոց լեզվի և գրականության դասագրքերի, որոնք գալիս էին Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից: Հենց երկու տարի է ԿԳՆ-ը չի զբաղվում դասագրքերի առաքումով, այդ պատասխանատվությունը ստանձնել է Սփյուռքի նախարարություն:
2013 թվականից այս կողմ Ջավախքի հայկական դպրոցները հայոց լեզվի և գրականության դասագրքերով չեն համալրվել: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԿԳ նախարարությունից, նախկինում նույն նախարարության կողմից իրականացված «Սփյուռքի հայկական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագիրը 2014-2015 թ.-ին իրականացվում է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից:
Հայաստանի 2014-2015 թվականներին պետական բյուջեի մասին օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում ՀՀ ԿԳ նախարարությունը վրացական կողմի հետ չի կարող մասնակցել բանակցություններին: Քանի, որ երկու երկրների միջև պաշտոնական ձևակերպումները ֆինանսական փաստաթղթեր են պահանջում, որտեղ նշվում է դասագրքեր ձեռք բերած գերատեսչության անվանումը, այս դեպքում՝ Սփյուռքի նախարարությունը:
Բյուրոկրատական այս փոփոխությունների արդյունքում Ջավախքի դպրոցականները մայրենին սովորում են հնամաշ ու պատառոտված դասագրքերով: Դասագրքերի անմխիթար վիճակն ինքստինքյան ազդում է ուսուցանվող առարկայի ընկալման վրա, տվյալ դեպքում՝ հայոց լեզվի և գրականության:
2002 թվականից մինչև 2013-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գործող հայալեզու հանրային դպրոցներին դասագրքեր առաքում էր ՀՀ ԿԳ նախարարությունը: Հայաստանից առաքվող ուսումնական գրականությունը Վրաստանի կողմից ճանաչվում էր որպես հումանիտար բեռ:
Առաքման վերջին հինգ տարիներին 2009-2013 թթ. ՀՀ ԿԳ նախարարության կողմից Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրվել է 61522 կտոր գրականություն: Համաձայն հետևյալ բախշման՝ 2009թ – 2010 թ ուսումնական տարում 32 060 կտոր, 2011 թվականին՝ 7 138, 2012-ին՝ 7 569 և 2013-ին՝ 14 755 կտոր ուսումնական գրականություն:
Աղունիկ Այվազյան