Ջավախքցի 4 աշակերտ, ովքեր սովորում էին ԱՄՆ-ում՝ FLEX ծրագրի շրջանակներում, հատուկ չվերթով վերադառնում են հայրենիք` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
«Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համատեղ որոշում են կայացրել այս ուսումնական ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի դպրոցականներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ», — հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Գախարիան շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ նրանց ցուցաբերած աջակցության համար: Ըստ նրա, 35 հայ դպրոցականներ կօգտվեն հենց այդ հատուկ չվերթով՝ հայրենիք վերադառնալու հնարավորությունից:
Այս ծրագրի շրջանակներում, ԱՄՆ-ում սովորում էին Ախալքալաքից մեկնած Մարտին Փալանջյանը՝ Տեխաս նահանգի Ռաունդ Ռոք քաղաքում և Լիկա Մանասյանը՝ Մինեսոտա նահանգում, իսկ Նինոծմինդայից՝ Արտեմ Այվազյանն ու Լոլա Եսոյանը:
Հայրենիք վերադառնալուց հետո երեխաները 14 օր պարտադիր կտեղափոխվեն կարանտինի: Երեխաների ծնողներին չի թույլատրվում դիմավորել նրանց և անմիջական շփում ունենալ նրանց հետ:
Ըստ ծնողների, այս պահի դրությամբ ԱՄՆ-ից վերադարձող աշակերտները օդում են՝ Դոհայի շրջակայքում և մոտ 5-6 ժամվա ընթացքում արդեն կլինեն Թբիլիսիում:
Մարտին Փալանջյանի ծնողների հավաստմամբ՝ նա մարտի 23-ից կարանտինում էր հյուրընկալող ընտանիքի տանը, արդեն այդ ժամանակ 12 աշակերտ FLEX ծրագրի շրջանակներում որոշել էր վերադառնալ հայրենիք, որոշումը կայացրել են հենց իրենք՝ երեխաները և նրանց ծնողները: Ապրիլի 9-ից, արդեն տարհանման ծրագրի համաձայն՝ FLEX-ի բոլոր աշակերտները պետք է լքեն ԱՄՆ-ն և վերադառնան հայրենիք: