Վրաստանում կարանտինային միջոցառումները կարող են խստացվել, եթե քաղաքացիները չհետևեն սահմանված կանոններին և հանձնարարականներին: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
«Մենք կսպասենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ քաղաքացիների մի մասը դեռևս չի գիտակցում, թե ինչի հետ գործ ունենք: Նրանք չեն կարողանում գիտակցել, թե ինչ կարող է տեղի ունենալ երկրում, եթե մենք հնարավորինս չհնազանդվենք երկրում արդեն իսկ հայտարարված կարանտինային միջոցառումներին և խորհուրդներին», – ասել է Իմնաձեն:
Ապրիլի 4-ի տվյալներով Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի հաստատված 157 դեպք, որից 28-ը ապաքինվել է, իսկ մեկը՝ մահացել: 5 526 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 344-ը` ստացիոնարում, բժիշկների հսկողության տակ:
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված, Վրաստանում մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել` մինչև ապրիլի 21-ը: Մարտի 31-ից հանրապետության տարածքում գործում է կարանտին և պարետային ժամ՝ 21:00-ից մինչև 06:00-ն:
Երկիրը փակել է առևտրական բոլոր կետերը, բացառությամբ մթերային խանութների, դեղատների և բանկերի մասնաճյուղերի:
Հասարակական տրանսպորտը դադարել է աշխատել: Ինչպես տաքսիները, այնպես էլ մասնավոր մեքենաները իրավունք ունեն տեղաշարժվել երկու ուղևորի հետ միասին, վարորդի կողքի նստատեղը պետք է ազատ լինի, երկու ուղևորներն էլ պիտի նստեն միայն հետևի նստատեղին՝ պահպանելով հեռավարություն:
Բոլոր քաղաքացիները, դուրս գալով փողոց, պետք է պատրաստ լինեն ոստիկանությանը տրամադրել անձը հաստատող փաստաթղթեր: 70 տարեկանից բարձր մարդկանց արգելվում է դուրս գալ՝ բացառությամբ մոտակա խանութներ, դեղատուն կամ հիվանդանոց այցելելուց:
Արգելվում է ավելի քան 3 մարդու մեկ վայրում հավաքը: