Այսօր, Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում սկսվել է երեխաների սննդի համար նախատեսված մթերքների բաժանումը:

Կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Վրաստանի ողջ տարածքում արձակուրդները հետաձգվել են մինչև ապրիլի 21-ը: Այդ իսկ պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը, յուրաքանչյուր երեխայի ամսական չափաբաժնի համապատասխան, պատրաստել էր 9 տեսակի սննդամթերք, ու արդեն այսօրվանից բոլոր մանակապրտեզներում սկսվել է այդ մթերքների բաժանումը:

Փաթեթում ներառված է կարագ, արևածաղկի ձեթ, պանիր, կաթ, ձու, բրինձ, շաքարավազ, հնդկացորեն և վարսակ: Սննդով տոպրակները ստանում են ծնողները կամ երեխաների տատիկները, և ստորագրությամբ հաստատում են, որ ստացել են մթերքը:

Թիվ 1 մանկապարտեզից 27 ծնող հրաժարվել է սննդի փաթեթից, թիվ 2 մանկապարտեզից՝ երեք ծնող, իսկ թիվ 3 մանկապարտեզից և գյուղական մանկապարտեզներից հրաժարվողներ չեն եղել:

Սակայն, դրանից հետո, ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի, որոշ ծնողներ մտափոխվել են:

«Թիվ 1 մանկապարտեզից 10 հոգի երկրորդ օրը մտափոխվել էր, այդ ժամանակ մենք դեռ մթերքը չէինք պատվիրել և նրանց էլ ներառեցինք, սակայն հիմա էլ են զանգում են և ասում, որ մտափոխվել են և ցանկանում են ստանալ մթերքները, բայց մենք չենք կարող այլևս պատվիրել: Եթե ինչ-որ մեկը չգա իր հասանելիք մթերքը ստանալու, ապա մենք դա կտրամադրենք նրանց, ովքեր մտափոխվել են, բայց մենք կսպասենք երեք օր, կզանգահարենք, կճշտենք, եթե չեն պատրաստվում գալ, ուրեմն այն ուրիշներին կտանք », – ասաց Անահիտ Ասատուրյանը:

Սննդամթերք կստանան հետևյալ մանկապարտեզների սաները՝ Ախալքալաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները, Վաչիան, Բարալեթ, Ազավրեթ, Դիլիսկա, Կուլիկամ և Կարծախ գյուղերի մանկապարտեզները: Այլընտրանքային մանկապարտեզների երեխաներին մթերքներ չեն բաժանվի, քանի որ այդ մանկապարտեզներում սնունդ նախատեսված չէ:

Ախալքալաքի մունիցիպալիտետում կա երեք այլընտրանքային մանկապարտեզ՝ Կոթելիա, Խանդո և Կարտիկամ գյուղերում:

paket1