Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում բացահայտվել է արտակարգ դրության կարգի և ինքնամեկուսացման պայմանների խախտումների 125 փաստ: Տասնյակ իրավաբանական և ֆիզիկական անձինք տուգանվել են:
Ավելի քան 10 հոգու հավաքի արգելքը խախտելու համար 96 հոգի տուգանվել է 3 հազար լարիի (ավելի քան 900 դոլար) չափով:
13 մարդ խախտել է համաճարակաբանների կողմից սահմանված մեկուսացման ռեժիմը: Տուգանումից հետո բոլորը հարկադրաբար տեղափոխվել են կարանտինային գոտիներ:
Տուգանվել է երեք իրավաբանական և ութ ֆիզիկական անձ, որոնք չեն հետևել տնտեսական գործունեության սահմանափակումներին:
Միկրոավտոբուսի հինգ վարորդ տուգանվել է միջքաղաքային ուղևորափոխադրումների արգելքը խախտելու համար:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ամբողջ Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարված մինչև ապրիլի 21-ը: Արտակարգ դրության ժամանակ ոստիկանությունը կարող է իրավախախտ ֆիզիկական անձանց տուգանել 3 հազար լարիով, իսկ իրավաբանական անձանց՝ 15 հազար լարիով (մոտ 4,5 հազար դոլար): Կրկնակի խախտումը կարող է հանգեցնել ազատազրկման:
Կառավարության հրամանով, ուրբաթ օրը Վրաստանի ՆԳՆ խստացրել է վերահսկողությունն արտակարգ դրության պահպանման նկատմամբ:
Ի՞նչ է ներկայացնում իրենից Վրաստանում արտակարգ դրությունը
Հանրային վայրերում արգելվում է 10-ից ավելի մարդու հավաքը: Բացառություն են կազմում միայն հասարակական տրանսպորտը և ձեռնարկությունները:
Օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր սահմանափակ է: Նախատեսված են հատուկ չարտերային թռիչքներ Վրաստանի քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են հայրենիք վերադառնալ: Բացի այդ, նրանց համար բաց է մեկ անցակետ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ սահմաններում:
Վրաստանում նաև դադարեցվել են ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և գնացքներով բոլոր միջքաղաքային փոխադրումները:
Բացի այդ, երկիրը սահմանափակումներ է մտցրել պետական հաստատությունների և բոլոր առևտրական օբյեկտների գործունեության վրա, բացառությամբ մթերային խանութների, կենդանիների խանութների, կենցաղային քիմիայի խանութների կամ դեղատների: Սրճարաններին և ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն առաքման ռեժիմով: