Վրաստանում կարանտինային գոտիներում կա ավելի քան 4500 մարդ: Ինչպե՞ս է ընթանում կյանքը մեկ տարածքում: Ի՞նչն է դժվար: Ի՞նչ է իրենից ներկայացնում կարանտինը, Jnews-ը պարզել է կարանտինում գտնվող մարդկանցից:
«Grand Palace» հյուրանոցում այն մարդիկ են անցկացնում իրենց կարանտինային ժամկետը, ովքեր մարտի 21-ին անմիջապես կարանտինացվել են «Նինոծմինդա» մաքսակետից: Մարտի 21-ին միայն պարտադիր կարանտին է մտցվել նրանց համար, ովքեր մուտք են գործել Վրաստան, իսկ մարդկանց այդ խումբն առաջիններից մեկն էր, ով վերադառնալուն պես Հայաստանից անմիջապես տեղափոխվել է կարանտին: Այս մարդկանց համար դժվար էր նման ձեռնարկած միջոցներն ընկալել, քանի որ նրանցից շատերը չգիտեին, որ իրենց տանը մեկուսանալու փոխարեն, նրանք ստիպված կլինեն 14 օր անցկացնել կարանտինում:
Մեր զրուցակից Արմենը (անունը նրա խնդրանքով փոխվել է) եղել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ծալկայի և Ախալցիխեի մունիցիպալիտետների 30 բնակիչների հետ միասին:
Արմենն ասում է, որ անընդհատ նույն սենյակում մնալը դժվար է, բայց ինչ արած, համակերպվում ես դրա հետ: Հյուրանոցում սնունդը նորմալ է, օրը 3 անգամ, թեյն ու սուրճը՝ առանց սահմանափակումների:
«Մատուցում են տարբեր բաներ, չեմ բողոքում, մի անգամ մատուցեցին խինկալի, իսկ մշտապես՝ բրինձ, մակարոն, կոտլետներ և այլն: Ընդհանուր, սնունդը նորմալ է», – ասում է Արմենը:
Օրը սկսվում և ավարտվում է նույն կերպ: Ըստ Արմենի, հյուրանոցի համարներում շատերին առանձին-առանձին էին տեղավորել, միայն մեկ ընտանիքի անդամներին էին տեղավորում մեկ համարում:
Իրավունքներն ու պարտականություններն այստեղ հավասար չեն: Սնվելու, հանգստանալու, հեռուստացույց դիտելու, հեռախոսից օգտվելու իրավունքը սահմանափակ չէ, բայց սահմանափակ է գլխավորը` ազատությունը: Կարանտինի պայմաններում գտնվող մարդկանց թույլ չեն տալիս դուրս գալ սենյակից:
«Մենք ստորագրեցինք մի թուղթ, համաձայն որի պարտավորվեցինք չլքել սենյակները: Մենք չենք էլ փորձում դուրս գալ, կարող են տուգանել, քանի որ ամենուրեք տեսախցիկներ են, անմիջապես կնկատեն»:
Կարանտինում գտնվող մարդկանց հիմնական պարտավորությունն է՝ վերահսկել իրենց մարմնի ջերմաստիճանը: Մարդիկ իրենց հաճախ ջերմաչափում են, ջերմաչափի ցուցումները գրնացվում են ժամանակացույցում, որը կա յուրաքանչյուրի համարում:
«Հիմնականում մենք ենք չափում, նրանք ստուգում և գրանցում են: Ես չգիտեմ, նրանք պարզապես հյուրանոցի աշխատողներ են, թե բժիշկներ և բուժքույրեր: Նրանք բոլորը հատուկ հագուստով են, ծածկված, դիմակներով և հատուկ գլխային սաղավարտներով: Երեկ եկել էին բժիշկներ, կարծում եմ, որ նրանք բժիշկներ էին, քանի որ նրանք ավելի մանրազննին հետազոտեցին»:
Արմենը սպասում է ապրիլի 4-ին, որպեսզի տուն գնա, քանի որ իր ժամանակացույցն ավարտվում է ապրիլի 3-ին, ստացվում է, որ հաջորդ օրը նա արդեն ազատ կլինի:
Հեռուստացույց կա: Այնտեղ կան տարբեր հեռուստաալիքներ, սակայն Արմենն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է հեռախոսով: Ինտերնետը հյուրանոցում նորմալ է:
Մեր այն հարցին, թե ի՞նչ է կարծում, ավելի լավ է սպասել արտակարգ դրության ավարտին այնտեղ, որտեղ գտնվում ես՝ արտերկրում, թե վերադառնալ, մնալ կարանտինում և տուն գնալ, Արմենն ասաց.
«Ավելի լավ է վերադառնալ, 14 օրվա ընթացքում կարանտինում մնալ, բայց ապահով վերադառնալ հարազատների մոտ՝ լիովին վստահ լինելով, որ առողջ ես»: