Վրաստանի Կրթության նախարարությունը խորհուրդներ է առաջարկում այն ծնողներին, ովքեր դպրոցականների հետ միասին գտնվում են կարանտինային պայմաններում: Խորհուրդներ մշակված են Հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից: Այս մասին «Новости-Грузия»-ին տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Մարտի 2-ից Վրաստանում հայտարարվել էին արձակուրդներ բոլոր ուսումնական հաստատություններում: Այդ ժամանակվանից ի վեր, կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պատճառով, ուսումնական պրոցեսի մեկնարկի ամսաթիվը հետաձգվել է երեք անգամ: Վերջին անգամ հայտարարվել էր, որ արձակուրդը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը, սակայն կառավարությունում կասկածի տակ են դնում այս ժամանակահատվածի իրատեսական լինելը: Որոշ դպրոցներ և համալսարաններից շատերն արդեն անցել են առցանց հեռավար ուսուցմանը, բայց քանի որ երկրում ոչ բոլոր երեխաներն ունեն համացանցից օգտվելու հնարավորություն, մարտի 30-ից Հանրային հեռուստաընկերության Երկրորդ ալիքը նախատեսում է սկսել հեռուստատեսային դասերի նախագիծ բոլոր տարիքի դպրոցականների համար:

Պահպանե՛ք հանգստություն

Փորձագետները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաների ներկայությամբ չարտահայտել զգացմունքներն ու անհուսությունը: Երեխաներն ու դեռահասները արձագանքում են կատարվածին՝ հիմնվելով ծնողների գործողությունների վրա, ուստի աշխարհի համար այս դժվարին ու օրհասական ժամանակաշրջանում մեծահասակները պարտադիր պետք է հոգ տանեն իրենց հուզական վիճակի և հոգեկան առողջության մասին:

Ավելի շատ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ, զբաղվե՛ք ձեր սիրելի գործերով՝ ընթերցեք, ֆիլմեր դիտեք: Աշխատեք կապ պահպանել այլ ծնողների հետ առցանց, նրանց հետ կիսվեք տնային պարապմունքների և երեխաներին զվարճացնելու գաղափարներով և փորձով:

«Այս ամենը կնվազեցնի մեկուսացման զգացումը և կօգնի ձեզ կառավարել ձեր հույզերը», – ընդգծում են հոգեբանները:

Կազմե՛ք շաբաթվա պլանը

Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների համար կազմել կոնկրետ պարապմունքների պլան՝ նշելով դրանց մեկնարկի և ավարտի ժամանակը, ինչպես նաև անպայման սահմանել հանգստի ժամանակը: Ցանկալի է, որ այս ցուցակը տեսանելի տեղում լինի՝ աղյուսակի տեսքով: Սա կարող է օգնել երեխաներին կենտրոնանալ նպատակների վրա և արդյունավետ բաշխել իրենց ժամանակը: Օրվա ռեժիմին հետևելն անպայման կօգնի ձեր երեխային նվազեցնել սթրեսի մակարդակը:

Կարևոր է նաև հետևել երեխայի ընտելացած քնի ռեժիմին: Քնեք և արթնացեք նույն ժամերին, ինչպես դա ընդունված էր դպրոց հաճախելիս: Ռեժիմը պետք է պահպանեն ինչպես երեխաները, այնպես էլ ընտանիքի անդամները:

Լսե՛ք երեխաներին

Կարևոր է իմանալ, թե ինչպես է երեխան ընկալում տեղի ունեցած իրադարձությունները, ինչ է նա մտածում, ինչն է նրան անհանգստացնում, մտատանջում կամ սփոփում: Մասնագետները խնդրում են հիշել, որ կատարվածի պատճառով երեխաները կարող են տագնապի մեջ լինել: Ծնողները պետք է բացատրեն, որ նման ժամանակ հարցեր տալը նորմալ է: Նրանք գուցե հարցնեն ձեզ այն մասին, ինչի պատասխանը դուք չգիտեք: Երեխաների չի կարելի անտեսել: Մասնագետները խորհուրդ են տալիս ասել, որ հարցը հետաքրքիր և կարևոր է, որ արժի մտածել այդ մասին, և հենց որ պատասխանը գտնեք, անմիջապես կասեք այդ մասին նրան:

«Սխալ տեղեկատվություն մի տվեք: Փորձեք հանգիստ, նրան հասկանալի լեզվով, հաշվի առնելով նրա տարիքը և հոգեբանական վիճակը, բացատրել վիրուսի հետ կապված փաստերը: Խոսեք նրա հետ հիգիենայի կանոնները պահպանելու անհրաժեշտության և դա զվարճալի ձևով կատարելու մասին, առանց լարվածության և նրան վախեցնելու», – ասվում է խորհուրդներում:

Ասացե՛ք, որ նրա կողքին եք

Անսովոր իրավիճակը երեխայի մոտ կարող է առաջացնել մեծ անհանգստություն: Դրա հետ մեկտեղ, երեխաները կարող են այլ կերպ արձագանքել սթրեսին: Ինչ-որ մեկը կարող է անհանգստությունը հայտնել անմիջապես, իսկ մյուսները պարփակվեն իրենց մեջ կամ որոշակի ժամանակ հետ դրսևորեն այդ հոգեվիճակը:

Ամեն դեպքում, պետք է զգույշ լինել, որպեսզի թույլ չտալ երեխայի վարքագծում և հույզերում տեղի ունենան փոփոխություններ: Պետք է հիշել, որ ստեղծված իրավիճակում նման դրսևորումները բացարձակ նորմալ են: Երեխաներին հարկ է բացատրել, որ իրենց մտահոգությունը լիովին համահունչ է իրավիճակին, և որ ծնողները աջակցում և հասկանում են նրանց:

Երեխաներն ուշադրության կարիք ունեն

Հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս օրվա ընթացքում երեխաներին որոշակի ժամանակ հատկացնել: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղեր խաղալ նրանց հետ, կազմակերպկել ընտանեկան երեկոներ, դիսկոտեկներ, կարաոկե, ինչ-որ բան նկարել, ընտանեկան ալբոմները թերթել, միասին առավոտյան մարմնավարժություններ անցկացնել և շատ ծիծաղել:

Կրճատեք գադջեթների ժամանակը

Հիմնվելով հեռավար ուսուցման վրա, երեխաներն արդեն շատ ժամանակ են ծախսում էկրանների առջև, ուստի ծնողները անպայման պետք է վերահսկեն, թե ինչ է անում երեխան հեռախոսով կամ համակարգչով:

Կարող եք միասին հետաքրքիր գիրք ընտրել ձեր երեխայի համար, բարձրաձայն կարդալ կամ ունկնդրել ձայնագրքեր, ապա քննարկել ձեր կարդացածը, նկարագրել գլխավոր հերոսներին և խոսել նրանց վարքագծի և հույզերի մասին:

Ընտանիքի բոլոր անդամները պետք է մասնակցեն երեխաների հետ շփմանը: Խնդրեք նրանց օգնել Ձեզ:

Կարող եք դիմել մասնագիտական օգնության:

Եթե դուք ինքներդ դժվարանում եք հաղթահարել այս իրավիճակը, որն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում երեխաների վրա, կարող եք դիմել հոգեսոցիալական ծառայության կենտրոնի մասնագետին՝ շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարով՝ 08 00 00 00 88:
Նաև 6-ից 13 տարեկան և ավելի երեխաների ծնողները «Skype»-ի միջոցով կարող են ստանալ հոգեբանի առցանց խորհրդատվություն: