Ինչպես արդեն հայտարարվել է, Վրաստանում կմեկնարկի «Հեռուստադպրոց» նախագիծը, որի միջոցով Հանրային հեռուստատեսությունը դասընթացներ կհեռարձակի յուրաքանչյուր առարկայի և յուրաքանչյուր դասարանի համար առանձին-առանձին: Ըստ ԿԳՆ-ի՝ ազգային փոքրամասնությունների համար կպատրաստվի դասերի առանձին փաթեթ, որտեղ նրանց կդասավանդվի վրացերենը և իրենց մայրենի լեզուները, իսկ ապագայում կավելացվեն նաև այլ առարկաներ:

Այս մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, նախնական փուլում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Վրացերենը, որպես երկրորդ լեզու» առարկայից տեսադասերը, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության: Այնուհետև աստիճանաբար հայերենով կավելացվեն այլ առարկաներից տեսադասերը:

Կոնկրետ հարցերի, թե ովքեր են անցկացնելու դասերը, ինչպես են դասերը տեխնիկապես փոխանցվելու ազգային փոքրամասնություններին և այլն, կոնկրետ պատասխաններ չկան: Նախարարության տեղեկատվության մեջ միայն ասվում է, որ հեռուստադասերը կանցկացվեն կոնկրետ առարկաների փորձառու ուսուցիչների կողմից: