Կորոնավիրուսի համավարակի արագ տարածման տեմպերի պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է մեկ տարով հետաձգել այս տարի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերը։ Ավելի վաղ, խաղերի հետաձգման կոչով հանդես էին եկել բազմաթիվ երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ։ Որոշումը կտարածվի նաև պարաօլիմպիական խաղերի վրա։

Ամառային օլիմպիական խաղերի հետաձգման լուրը պաշտոնապես հայտնել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն։ Նման որոշում կայացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո, որը կայացել է մարտի 24-ին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ օլիմպիական խաղերը կկայանան այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Աբեն հույս է հայտնել, որ օլիմպիական խաղերը կկայանան հաջորդ տարվա նույն ժամանակաշրջանում։ Բացի այդ, նա վերահաստատել է նաև այն միտքը, որ հաջորդ տարի օլիմպիական խաղերն ընդունող երկիրը դարձյալ կլինի Ճապոնիան։