Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և մունիցիպալիտետի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Ավետիք Տոնականյանն այսօր տեղական լրատվամիջոցների օգնությամբ կոչով դիմել են բնակչությանը:
Քաղաքապետը բոլորին կոչ է արել միասին հաղթահարել երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանը:
«Ես խնդրում եմ բնակչությանը հետևել բոլոր հիգիենայի կանոններին, որոնք խորհուրդ են տրվում համապատասխան պետական մարմինների կողմից, անհրաժեշտ է հնարավորինս հաճախ ձեռքերն օճառով լվանալ, դա հասանելի է բոլորին: Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, և պետական մեխանիզմներն արդեն գործում են ընդդեմ այն անձնանց, ովքեր չեն կատարում հրահանգները: Դրա իմաստը չվարակվելու և ուրիշներին չվարակելու մեջ է: Ես բոլորիդ խնդրում եմ, որ հաշվի առնեք այս ամենը և հնարավորության դեպքում դուրս չգաք ձեր տներից », – ասաց Յուրիկ Ունանյանը:
Նա նաև հորդորեց չանցկացնել զանգվածային միջոցառումներ, որտեղ կարող են գալ բազմաթիվ մարդիկ և այլ երկրներից ժամանած քաղաքացիներին խնդրեց պահպանել ինքնամեկուսացման պայմանները:
«Խանութներում մենք ամեն ինչ ունենք, մթերքի պակաս չկա, դուք կարող եք ամեն օր առանց խուճապի գնալ խանութ: Ես խնդրում եմ ձեզ քչացնել միմյանց հետ շփումը, մինչև վերանա վիրուսի ներքին տարածման վտանգը: Սա մունիցիպալիտետի, մեր ղեկավարության և անձամբ իմ խնդրանքն է»: – ասաց Յուրիկ Ունանյանը:
Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը հրապարակեց պետության կողմից զգուշության կանոնների հետ կապված իրավիճակի վերաբերյալ վերջին տեղեկությունները, ասելով, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 343 մարդ, իսկ 27-ը` կարանտինում են:
Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչներն 14 օրյա կարանտինը հիմնականում անցկացնում են Ախալցիխե և Ծղալտուբո քաղաքներում:
Ավետիք Տոնականյանը նաև հորդորեց չանհանգստանալ, և միասին, պետության հանձնարարականներին հետևելով, պայքարել կորոնավիրուսի դեմ:
«Ախալքալաքն այնպիսի շրջան է, որտեղ բոլորը շփվում են միմյանց հետ, և եթե մեզանից որևէ մեկը հիվանդանա, դա նշանակում է, որ բնակչության 80% -ը կհիվանդանա, հիշեք սա և հետևեք բոլոր հրահանգներին: Մթերային խանութների վաճառողները պետք է աշխատեն դիմակներով և ձեռնոցներով: Ապրանքները պետք է տան առանձին մարդիկ, իսկ գումարը ստանան այլ մարդիկ: Դա պետք է անպայման պահպանել », – ասաց Ավետիք Տոնականյանը:
Նա նաև կոչ արեց միմյանց օգնել այս օրհասական պահին, հատկապես նրանց, ովքեր միայնակ են ապրում և օգնության կարիք ունեն: