Ախալքալաքի մունիցիպալիտետում ինքնամեկուսացվածների թիվը հասել է 25-ի, Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 20-ի:
Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանի, այսօր մունիցիպալիտետում ինքնամեկուսացվածների թիվը հասել է 25-ի:
«Նրանք բոլորն էլ եկել են այլ երկրներից, գտնվում են իրենց տներում, նրանց վիճակը նորմալ է, ջերմություն չունեն, կորոնավիրուսի ախտանիշներ չկան», – ասաց Ավետիք Տոնականյանը:
Ինքնամեկուսացվածներից ամենամեծը 74 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 6 տարեկան:
Ըստ Նինոծմինդայի ՀԱԿ-ի տնօրեն Տիգրան Եղոյանի, նրանք բոլորն էլ եկել են Հայաստանից:
«Նրանք իրենց լավ են զգում, բոլորը զգուշացված են: Մենք բժշկի և ոստիկանության աշխատակիցների հետ միասին գնացել ենք նրանց տեսակցելու և նախազգուշացրել, որ տանից դուրս չգան: Ինքնամեկուսացվածների մեծ մասը ուսանողներ են», – ասաց Տիգրան Եղոյանը:
Կանխարգելիչ նպատակներով բոլոր այն քաղաքացիները, ովքեր վերադառնում են այլ երկրներից և չունեն հիվանդության ախտանիշներ, վերահսկվում են մունիցիպալ առողջապահական հաստատությունների կողմից: Այդ մարդիկ պետք է 14 օր գտնվեն ինքնամեկուսացման վիճակում, այսինքն՝ դուրս չգան իրենց տներից և հետևեն որոշ կանոնների ու խորհուրդների: Եթե սահմանը հատելիս քաղաքացին ջերմություն կամ հիվանդության այլ ախտանիշեր ունի, ապա նա տեղափոխվում է կարանտին: Կարանտին են տեղափոխվում նաև այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվում ինքնամեկուսացման կանոններին և դուրս են գալիս հասարակական վայրեր:
Այս պահի դրությամբ, ինքամեկուսացման կանոնները խախտելու պատճառով ստիպողաբար կարանտինային գոտի է տեղափոխվել 127 քաղաքացի:
Վրաստանում գրանցվել է COVID 19-ի հաստատված 40 դեպք, այդ թվում՝ մեկ հիվանդ, ով ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից մարտի 16-ին: Մարտի 19-ին, ժամը 20:00-ի դրությամբ, 1592 մարդ գտնվում է կարանտինի մեջ, ևս 262 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ:
Վրաստանի բժիշկները դիմում են երկրի բնակչությանը՝ «Մենք կաշխատենք քեզ համար, մնա տանը մեզ համար»