Համաձայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի տվյալների, մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ, շրջանում 120 մարդ ինքնամեկուսացման մեջ է: Աբասթումանի Թոքաբանական կենտրոնում կարանտինում է գտնվում 17 մարդ:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ներկայումս ինքնամեկուսացման մեջ է 21 մարդ: Համաձայն Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ), բոլորն էլ Հայաստանից են ժամանել մարտի 16-18-ը: Կանխարգելիչ նպատակներով բոլոր այն քաղաքացիները, ովքեր վերադառնում են այլ երկրներից և չունեն հիվանդության ախտանիշեր, վերահսկվում են մունիցիպալ առողջապահական հաստատությունների կողմից, և այդ մարդիկ պետք է 14 օր գտնվեն ինքնամեկուսացման վիճակում, այսինքն՝ դուրս չգան իրենց տներից և հետևեն որոշ կանոնների ու խորհուրդների: Եթե սահմանը հատելիս քաղաքացին տենդ կամ հիվանդության այլ ախտանիշեր ունի, ապա նա տեղափոխվում է կարանտին: Կարանտին են տեղափոխվում նաև այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվում ինքնամեկուսացման կանոններին և դուրս են գալիս հասարակական վայրեր:
Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, Ախալքալաքի ինքնամեկուսացված բնակիչներից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել կորոնավիրուսի ախտանշան և բոլորի ինքնազգացողությունը լավ է: ՀԱԿ-ը մշտական կապ է պահպանում այդ մարդկանց հետ:
Ընդհանուր, Սամցխե-Ջավախքում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 120 մարդ: Աբասթումանի Թոքաբանական կենտրոնում կարանտինում է 18 մարդ: Ըստ Աբասթումանի Թոքաբանական կենտրոնի մենեջեր Կախա Բերիձեի՝ այսօր առավոտյան կարանտինի մեջ գտնվել է 17 մարդ:
«Թեպետ, մեկ ժամ առաջ մեկ այլ անձի բերեցին և նա նույնպես կարանտինի մեջ է, այժմ Թոքաբանական կենտրոնում հիվանդների ընդհանուր թիվը 18-ն է», – ասում է Կախա Բերիձեն:
Վերջին հիվանդը բերվել է ինքնամեկուսացման կանոնների խախտման պատճառով:
Ըստ Կախա Բերիձեի՝ բոլոր 18 հիվանդները իրենց լավ են զգում, ոչ ոք չունի կորոնավիրուսի ախտանշաններ, այդ թվում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչը, որը «Նինոծմինդա» անցակետից տեղափոխվել է կարանտինային գոտի մարտի 16-ին:
Վրաստանում գրանցվել է COVID 19-ի հաստատված 38 դեպք, այդ թվում՝ մեկ հիվանդ, ով ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից մարտի 16-ին: Մարտի 18-ին, ժամը 17:00-ի դրությամբ, 1344 մարդ գտնվում է կարանտինի մեջ, ևս 216 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: