Մարտի 13-ին, իրավապահ մարմինների աշխատակիցները, քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին, Ախալքալաքի կենտրոնի մայթերին մսամթերք և կաթնամթերք վաճառող առևտրականներին խնդրել են լքել փողոցներ և առևտուր կատարել քաղաքի գյուղատնտեսական շուկայի տաղավարներում:

Վաճառողները նշում են, որ տաղավարում պայմանները շատ ավելի լավն են, քան փողոցում, բայց գնորդները հազվադեպ են մտնում այնտեղ, ինչի արդյունքում նրանք չեն կարողանում իրացնել իրենց ապրանքները, անընդհատ կորուստ էին ունենում, ուստի նորից վերադաձել են փողոց:

Չնայած այն հանգամանքին, որ տեղական իշխանությունները բազմիցս նախազգուշացնում էին, որ քաղաքի փողոցներում արգելվում է առևտուր անել, փողոցային առևտուրը կրկին կանգ չէր առնում:

Այնուամենայնիվ, կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վիրուսների ու վարակների տարածումը կանխելու համար, իրավապահ մարմինները խնդրել են մսամթերքի և կաթնամթերքի վաճառողներին փողոցում առևտուր չանել:

Ըստ մի կնոջ, որը Ռուսթավելի փողոցի մայթերին վաճառում է կաթնամթերք, երեկ ոստիկանությունը նրանց արգելել են փողոցում առևտուր անելը:

«Առավոտյան եկան ոստիկանները և խնդրեցին, որ այլևս փողոցում առևտուր չանեմ: Ասելով, որ բացի այն, որ փողոցում առևտուր անելը չի թույլատրվում օրենքով, դա արվում է նաև քաղաքացիներին վիրուսներից պաշտպանելու համար», – ասում է նա:

Ըստ վաճառականների, նրանց նախազգուշացրել են, որ եթե շարունակեն առևտուր իրականացնել փողոցում, նրանց կտուգանեն:

Հիշեցնենք, որ 2018 թ.-ի վերջին և անցյալ՝ 2019 թվականին, մունիցիպալիտետի և իրավապահ մարմինների ջանքերով, կաթնամթերքի առևտուրը, կարծես, «մտցվել» էր շուկայի տաղավարներ, բայց սա միայն մի քանի ամիս տևեց: Այս տարվա հունվարին տաղավարն արդեն փակվել էր, քանի որ այնտեղ ոչ գնորդներ կային, ոչ էլ վաճառողներ:

Բրատիսլավ Իգիթխանյան