Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեից 25 000 լարի է հատկացվել՝ մունիցիպալիտետի անօթևան շներին բռնելու և ստերիլիզացնելու համար: Տենդերային փաստաթղթերը պատրաստման փուլում են:
Քաղաքում անօթևան շների խնդիրը վերջերս է արդիական դարձել: Ախալքալաքի բնակիչները հաճախ դժգոհում են, որ անօթևան շների ոհմակները վախ են առաջացնում և ագրեսիվ են: Մարդիկ վախենում են տանից դուրս գալ վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, քանի որ փողոցների անկյուններում կարող են հանդիպել շների:
Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի, այս տարի արձանագրվել է շների մարդուն կծելու 9 դեպք: Դատելով վիճակագրությունից՝ այս տարի ավելի քիչ կծելու դեպքեր են գրանցվել, քան անցած տարի: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում գրանցվել էր 15 դեպք:
Ըստ քաղաքապետարանի հաղորդման, շուտով կհայտարարվի տենդեր, և այն ընկերությունը, որն այն կշահի, անօթևան շներին կուղարկի ապաստարան, կհետազոտի նրանց և կվերադարձնի:
Ըստ քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոյանի՝ ներկայումս նախապատրաստվում են անօթևան շներին բռնելու տենդերային փաստաթղթերը:
Շներին պետք է բռնել միջազգային չափանիշներին համապատասխան և նրանց տեղափոխել հատուկ մեքենաներով: Անհրաժեշտության դեպքում, ծանր հիվանդ կենդանիներին կարող են ենթարկել էվթանացիայի և թաղել: