Ամեն տարի գարնանամուտին կարտոֆիլի արժեքը բարձրանում է։ Այս օրերին 1 կիլոգրամ մեծ չափի կարտոֆիլի գինն Ախալքալաքում տատանվում է 90 թեթրիից մինչև 1․10 լարիի սահմաններում, իսկ միջին չափի կարտոֆիլն արժե 70 թեթրի:
Դեռ 2019 թվականի հոկտեմբերին գյուղացիները բողոքում էին կարտոֆիլի ցածր գներից, մի մասը Jnews-ի հետ զրույցում նշել էր, որ չի շտապելու և սպասելու է գարնան սկզբին՝ ավելի բարձր գնով վաճառելու համար։ Կարելի է ենթադրել, որ ժողովրդի սպասումներն արդարացան։
Գյուղացիներն արդեն սկսել են բարձր գներով վաճառել: Օրինակ՝ Խուլգումո, Օրջա գյուղերի բանկիչները կարտոֆիլը վաճառում են 90 թեթրիով, 1,10 լարիով։
Թե ինչի՞ հետևանքով է բարձրացել կարտոֆիլի գները փորձեցինք պարզել Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեից։
«Կոնկրետ պատճառ չեմ կարող ասել, քանի որ այդ թեմայով ոչ մի տեղից կոնկրետ ինֆորմացիա չունենք, սակայն փաստն այն է, որ թանկացել է, եթե սկզբում վաճառում էին 80 թեթրիով, ապա հիմա մինչև 1․05 լարիով: Մենք հիմնականում դա կապում ենք սահմանների փակելու հետ, ինչպես նաև կարելի է կապել այն բանի հետ, որ հիմա արդեն Վրաստանում պահք ավելի շատ են պահում և ժողովուրդը միս չի ուտում ու կարտոֆիլի պահանջարկն ավելացել է։ Մենք կարծում ենք, որ այլևս չի իջնի գինը, եթե իհարկե չբարձրանա։ Մեր փորձից ելնելով, կարող եմ ասել, որ ամեն տարի այս ժամանակ գինը բարձրանում է»,- ասաց Ռամազ Գոգոլաձեն։
Ինչ վերաբերում է նոր սերմնացուի գներին, որը Վրաստանն ստանում է Եվրոպայից, ըստ Գոգոլաձեի 1 կգ-ի արժեքը տատանվում է 3.10-ից մինչև 3․35 լարիի սահմաններում։