Ախալքալաքի երիտասարդությունը կարծում է, որ տեղում քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվում, իրենք չեն պատրաստվում որևէ բան փոխել և չեն ձգտում դրան: Ոմանք, կարծում են, որ քաղաքականությունը կեղտոտ գործ է, ոմանք էլ, որ քաղաքականությունում հայտնվում են միայն այն մարդիկ, որոնց բարեկամներն ու մտերիմները տարիներ շարունակ եղել են իշխանությունում:

Ախալքալաքի երիտասարդները չեն շտապում հայտնվել քաղաքականությունում: Դրա համար նրանք ունեն իրենց դիրքորոշումը և պատճառները: Ոմանք պարզապես չեն պատկերացնում, որ դա ընդհանրապես հնարավոր է, քանի որ եթե կենտրոնական իշխանությունը փոխվում է, ապա տեղի իշխանությունը՝ ոչ: Երիտասարդները, ովքեր ոգևորությամբ են մտնում քաղաքականություն, նրանց թվում է, որ ամեն ինչ կարելի է փոխել դեպի լավը, ապա շուտով ամեն ինչից հիասթափվում են և թևաթափ լինում:

Վարդուհի Կուրղինյանն ակտիվ ուսանող է, տիրապետում է վրացերենին, ունի տնտեսական կրթություն: Նա գտնում է, որ ամեն ինչ կախված է երիտասարդների ակտիվությունից, սակայն ոչ միշտ:

«Քաղաքականությունում լինելու համար կրթությունն այնքան էլ կարևոր չէ, կարևոր են մարդու առաջնորդական հատկությունները: Միևնույն ժամանակ, պետք է ռիսկով լինել, բազմակողմանի գիտելիքներ ունենալ: Այնուամենայնիվ, ամեն ինչ պտտվում է փողի և ծանոթությունների շուրջ: Հատկապես երիտասարդների համար պետք է ամուր մեջք: Ախալքալաքի քաղաքական դաշտում քիչ են երիտասարդ, ակտիվ գործունեություն ծավալող մարդիկ, իսկ նրանք, ովքեր կան՝ այնտեղ են հայտնվել ինչ-որ մեկի օգնությամբ, դա չի նշանակում, որ սա նրանց ձեռքբերումն է: Օրինակ, ես ռիսկի չէի դիմի քաղաքականություն մտնել, քանի որ նման ծանոթություններ չունեմ, որովհետև մենակ եմ: Դրանում է խնդիրը: Եթե առիթ լիներ, ես, հավանաբար, կփորձեի այդ քայլին դիմել, դա ինձ համար շատ հետաքրքիր է», – ասում է Սամսար գյուղից ուսանողուհի Վարդուհի Կուրղինյանը:

12-րդ դասարանի ակտիվ աշակերտ Գարիկ Գալստյանը ցանկանում է բժիշկ դառնալ, չնայած դրան, նա մասնակցում է բազմաթիվ ծրագրերի, որտեղ «ներշնչում» են քաղաքացիական ակտիվություն: Նա կարծում է, որ երիտասարդները տեղեկատվության չեն տիրապետում, ուստի և քաղաքականության մեջ ներգրավված չեն:

«Երիտասարդները կարծում են, որ ընտրությունները և մնացած ամեն ինչ կապված է փողի հետ, ծանոթների հետ: Եթե ես առիթ ունենայի, ես միևնույն է չէի ցանկանա քաղաքականություն մտնել: Ինձ դուր չի գալիս քաղաքականությունը, քանի որ բոլորը կարծում են՝ ոչ միայն երիտասարդները, այլև մեծահասակները, որ քաղաքականությունը կեղտոտ գործ է, որ քաղաքականությունից դուրս գալը շատ դժվար է: Բնականաբար, ինձ դուր չի գալիս մեր քաղաքական դաշտը, հնարավորություն կա փոխել այն, եթե դա ցանկանա երիտասարդությունը: Դա անելու համար հարկավոր է ավելի շատ տեղեկություններ հաղորդել քաղաքականության մասին, հասկացնել, որ ամեն ինչ չէ, որ լուծվում է փողի միջոցով, որ կարող եք փոփոխությունների հասնել պարզապես քվեարկելով: Մարդիկ պետք է հասկանան, որ չպետք է վաճառեն իրենց ձայները: Պետությունն ինքը պետք է շահագրգիռ լինի, զբաղվի երիտասարդներով, սովորեցնի, պետք է անի ամեն ինչ, որպեսզի բնակչությունը տեղեկացված լինի», – ասում է Գարիկ Գալստյանը:

26 տարեկան մի երիտասարդ, ով չցանկացավ տալ իր անունը, կատակում է այն հարցի շուրջ, թե ինչու ցանկություն չունի լինել քաղաքականության մեջ:

«Ես չէի մտնի քաղաքականություն: Ես այդքան խելք չունեմ: Ի՞նչ կարող է անել երիտասարդությունն ակտիվ լինելու համար: Ախալքալաք նրանք կամ գնում են խաղատներ, կամ էլ խմում են: Նրանց խելքը չի հերիքում, որպեսզի մտնեն քաղաքականություն: Օրինակ՝ ես չէի դնի իմ թեկնածությունը: Չգիտեմ: Պարզապես դա ինձ դուր չի գալիս: Ինձ նույնիսկ դուր չի գալիս, երբ պարզապես խոսում են քաղաքականության մասին: Ես հազվադեպ եմ գնում ընտրության, որպեսզի ծանոթներս անցնեն: Այո, մենք գնում և ընտրում ենք, բայց միևնույն է նույն մարդիկ են: Ինձ համար ի՞նչ տարբերություն, թե ո՞վ կլինի», – ասում է նա:

Նրա ընկերը նույն տարիքի է և ունի այլ փորձ:

«Ես կփորձեի: Ինձ հրավիրեցին՝ առաջադրելու իմ թեկնածությունը, բայց ես չցանկացա: Բայց հաջորդ անգամ գուցե ցանկանամ մասնակցել: Այն ժամանակ խելքս չհերիքեց, այդ իսկ պատճառով էլ չկամեցա: Պարզապես ծանոթներիցս կար մի մարդ, ով մասնակցում էր, այդ իսկ պատճառով ճիշտ չէր լինի մասնակցելը», – ասում է նա:

Ռիման ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի է, նա կարծում է, որ Ախալքալաքում հեռանկարներ չկան, ուստի երիտասարդները չեն հետաքրքրում քաղաքականությամբ:

«Ինչու, սկզբում նրանց չի հետաքրքրում Վրաստանի քաղաքականությունը, նրանց ավելի շատ հետաքրքրում է Հայաստանի քաղաքականությունը: Իմ շրջապատում ինչքան ծանոթներ ունեմ՝ նրանց համար միևնույն է: Երբ բողոքի ցույցեր տեղի ունեցան, դա նրանց դուր չեկավ, նրանք ասում էին, թե ինչի համար է այս ամենը, ինչու՞ քարշ գալ փողոցներով: Ես շատ քիչ մարդկանց գիտեմ, ովքեր կարդում են վրացական ԶԼՄ-ները և հետաքրքրված են քաղաքականությամբ, և դրանք էլ հիմնականում այն մարդիկ են, ովքեր հետևում են մասնագիտությունից դրդված: Նրանց չի հետաքրքրում քաղաքականությունը, քանի որ քաղաքականությունն ուղղակիորեն կապված չէ նրանց առօրեական կյանքի հետ: Նրանք պարզապես միևնույն է: Միևնույն է, քանի որ նրանց հայրերը պետք է փող բերեն խոպանից: Նրանք հիմնականում չեն աշխատում: Ես չէի ցանկանա զբաղվել քաղաքականությամբ, բայց ինձ դա ինչ-որ չափով հետաքրքրում է: Ես չէի ցանկանա զբաղվել քաղաքականությամբ, բայց ինչ-որ չափով հետաքրքրված եմ դրանով: Չէի ցանկանա լինել քաղաքականությունում, քանզի աշխարհում քաղաքականությունից ավելի կեղտոտ բան չկա: Պետությունը չի աշխատում քաղաքականությունում կամ քաղաքական գործընթացներում երիտասարդներին ներգրավելու ուղղությամբ, ես դա չեմ նկատել», – ասում է նա:

Քրիստինե Մարաբյան