Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայի մսի և կաթնամթերքի տաղավարը դատարկ և փակ է, իսկ կաթնամթերքը վաճառվում է Ռուսթավելու փողոցի մայթեզրերին:

Շուկայի մսամթերքի և կաթնամթերքի տաղավարը փակ է, քանի որ առևտրականները չեն գնում այնտեղ առևտուր անելու, այլ տեղավորվում են «հին» տեղում՝ Ռուսթավելի փողոցի մայթերին, հակասանիտարական պայմաններում:

Փողոցում արևտուր անող վաճառողները նշում են, որ տաղավարում պայմանները շատ ավելի լավն էին, քան փողոցում, պարզապես այնտեղ գնորդները հազվադեպ էին մտնում, ինչի արդյունքում նրանք չէին կարողանում վաճառել իրենց մթերքը, իսկ կաթնամթերքը արագ է փչանում, արդյունքում նրանք անընդհատ կորուստ էին ունենում:

Վաճառողներից մեկը, ով նախկինում իր կաթնամթերքը վաճառում էր շուկայում, ասաց, որ վաճառականի համար գլխավորն այն է, որ ապրանքը վաճառվի:

«Մենք պատրաստ ենք վճարել, նույնիսկ փողոցում գտնվող այս տեղերի համար: Երբ մեզ ուղարկեցին տաղավար, գյուղերից մարդիկ նույնիսկ այնտեղ չէին գնում առևտուր անելու, այլ վաճառում էին գյուղերում: Բացի այդ, մեզ ուղարկեցին տաղավար, բայց ոմանք այստեղ էին առևտուր անում: Այստեղ մարդկանց համար հարմար է առևտուր անելը: Նրանք անցնում են կողքով, տեսնում, կանգ առնում և գնում, ամբողջ օրվա ընթացքում այնտեղ մարդ չէր մտնում », – ասում է Ռուսթավելի փողոցի մշտական վաճառականներից մեկը:

«Առևտուրը տեղի է ունենում այստեղ, այնտեղ ոչ ոք չէր մտնում, բացի այդ մեքենային մի անգամ թույլ չտվեցին 9-ից հետո մտնել շուկա, ես բարկացա և դուրս եկա: Եթե ուզում եք, որ առևտրականները շուկայում առևտուր անեն, ապա պետք է արգելել բոլորին, եթե ինչ-որ մեկը կանգնի այստեղ, ապա գնորդները այնտեղ չեն մտնի: Ճիշտ հասկացեք մեզ, հարցը առևտրի մեջ է, մենք գալիս ենք այստեղ վաճառելու », – ասում է կաթնամթերք վաճառողուհիներից մեկը:

Գնորդները առանձնապես անհանգստացած չեն, որ կաթնամթերքը վաճառվում է անմիջապես մայթից: Նրանք սովոր են կաթնամթերքը տեսնել այստեղ՝ Ռուսթավելի փողոցում, և ասում են, որ այստեղ ավելի հարմար է գնումներ կատարելու համար:

Ախալքալաքի ՍՊԸ «Ագրարային շուկա» -ի տնօրեն Արարատ Սահարյանը համաձայն է, որ եթե որոշ վաճառականներ փողոցում առևտուր անեն, ապա գնորդները չեն մտնի շուկայի տաղավարներ:

«Եթե օրենքը թույլ չի տալիս, ապա դա պետք է գործի բոլորի համար, և եթե ինչ-որ մեկը կանգնի փողոցում, իհարկե, ոչ ոք շուկա չի մտնի: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ինչ-որ մեկին հնարավոր է չեն թույլատրել մտնել մեքենայով, ապա դա անհեթեթություն է, նրանք պարզապես չեն ցանկանում այստեղ առևտուր անել, նույնիսկ տրամաբանություն չկա դրանում, երբ մենք հետաքրքրված ենք և պայքարում ենք, որպեսզի բոլորը գնան և առևտուր անեն շուկայում, մենք ինչպես կարող էինք այդպես վարվել», – ասում է Արարատ Սահարյանը:

2018 թ-ի վերջին և անցյալ՝ 2019 թվականին, մունիցիպալիտետի և իրավապահ մարմինների ջանքերով, կաթնամթերքի առևտուրը, կարծես, «մտցվել» էր շուկայի տաղավարի ներս, բայց սա միայն մի քանի ամիս տևեց: Այս տարվա հունվարին տաղավարն արդեն փակ էր:

Նշենք, որ այն ժամանակ, երբ տաղավարն աշխատում էր, վաճառականները շատ չէին:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում չգիտեն, թե ինչպես պայքարել փողոցային առևտրի դեմ, պայքարի փորձերը իրենց չեն արդարացրել:

«Սա մեր պարտավորությունների մեջ չի մտնում, չնայած մենք փորձել ենք կարգավորել այդ հարցը: Փողոցային առևտուրը վերահսկվում է ոստիկանության կողմից, այն համարվում է վարչական, քաղաքացիական իրավախախտում: Ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Մենք մտցնում ենք շուկա, երեք օր հետո նրանք նորից դուրս են գալիս: Ես չգիտեմ, աշխատողներին նորից կուղարկեմ, թող նախազգուշացնեն »:

Շուշան Շիրինյան