Սպորտային ինվենտար ձեռք բերելու համար Ախալքալաքի մունիցիպալիտետը հատկացրել է 32 200 լարի: Նորը ձեռք բերելուց հետո, դեռ 2018թ.-ին գնված սպորտային ինվենտարը նույնպես կբաժանվի գյուղերին:
Այս տարի սպորտային ինվենտար պետք է ստանան՝ Կարտիկամ, Աբուլ, Տուրցխ, Իխտիլա, Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Մերենիա, Դադեշ, Բարալեթ, Բավրա գյուղերը և ք. Ախալքալաքը:
Գյուղերը կստանան՝ համալիր գործողությունների վարժասարք, թենիսի սեղան, մարզասարք (զուգամարզափայտ՝ տուրնիկ), ֆուտբոլի գնդակներ, մարզագնդեր (հանտելներ), բռնցքամարտի մեծ տանձիկներ, բռնցքամարտի ձեռնոցներ և այլն:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովի՝ մարզագույքը գյուղերում կբաժանվի հետևյալ սկզբունքների համաձայն.
«Օրինակ, Կարտիկամ գյուղում զարգացած է բռնցքամարտը, մենք այնտեղ կբաժանենք բռնցքամարտի համար նախատեսված ինվենտար, մեկ այլ գյուղում այլ սպորտաձև է զարգացած, ուստի մենք կտանք համապատասխան ինվենտար», – ասաց նա:
Այս գյուղերը պետք է ինվենտարը ստանային դեռևս 2018 թ.-ին, սակայն որոշ կոմպլեկտներ լրակազմ չէին, ուստի և չէին բաժանվել:
Ըստ Վալերի Ստելմաշովի, երկու տարի առաջ ձեռք բերված մարզական ինվենտարը գտնվում է քաղաքապետարանի շենքում: Հնում ձեռքբերված ինվենտարը նորերի հետ միասին կբաժանվի այս տարի:
«Եթե սպորտային կոմպլեկտն ամբողջական լիներ, ապա մենք դրանք կբաժանեինք, բայց կոմպլեկտ կա, որը լրակազմ չէ: Օրինակ՝ բռնցքամարտի համար ձեռնոցները կան, բայց տանձիկ չկա», – ասաց Վալերի Ստելմաշովը:
Ըստ նրա, շուտով տենդեր կհայտարարեն մարզական գույք գնելու համար:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի 11 գյուղի համար մարզական գույք գնելու տենդերը հայտարարվել էր 2018 թվականի հոկտեմբերին: Սպորտային ինվենտարի ձեռքբերման տենդերը հաղթել էր «Բոկարտ» ընկերությունը 19 579 լարիով, սակայն, այս գյուղերի մեծ մասը դեռ չի ստացել պահանջած մարզական ինվենտարը: Տենդերը շահող ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները՝ գնելով ինվենտարի միայն մի մասը:
Այդ ժամանակ «Բոկարտ» ընկերության տնօրեն Շոթա Տաբատաձեն ասել էր, որ ընկերությունը սնանկացել է, հետևաբար, չի կարողացել ավարտին հասցնել աշխատանքը:
Բրատիսլավ Իգիթխանյան