Հայկական պարը հոգեպարար, թեթև, նազանի է: Վրացական պարը ռիթմիկ, էներգետիկ, նրանում գերակշռում է միմիկան և արտիստիզմը: Իր 15 տարվա աշխատանքային փորձի արդյունքում ազգագրական «Ջավախք» համույթը հասել է այս եզրակացությանը:
Ազգագրական «Ջավախք» համույթը հիմնվել է 2000 թվականի հոկտեմբերի 22-ին: Այս տարի լրանում է համույթի 15 ամյակը: Համույթի տարբեր տարիքային խմբերում պարում է 120 երեխա: Համույթի պարացանկում կա 45 հայկական ու վրացական պարեր, դրանցից են «Ետ ու առաջը», «Էրզրումի շորորը», «Քոչարին»:
Առաջին հայկական պարը, որ ներկայացրել է համույթը՝ դա ջավախքյան «Բուլուլն» էր, իսկ առաջին վրացական պարը, որ նրանք 2005 թվականին են ներկայացրել՝ «Ռաճուլին» էր:
Ապրելով իրար կողք-կողքի հազարավոր տարիներ, ունենալով մշակույթի ու ավանդույթների մեջ շատ ընդհանուր բան, հայերն ու վրացիները պարում են ամբողջապես տարբեր պարեր:
Ազգագրական «Ջավախք» համույթի հիմնադիր ու ղեկավար Ալիկ Քսպոյանի խոսքերով, լինելով հայկական մշակույթի ու պարի կրող, համույթը հանդիսանում է նաև յուրահատուկ կամուրջ հայկական ու վրացական մշակույթների միջև:
«Մեր համույթը հայ-վրացական բարեկամությունը կապող օղակ է: Մեզ մոտ կա վրացական «Մուրջի» համույթը, որը նույնպես մտադիր է իր պարացանկում մտցնել հայկական պարեր: Մեր երեխաները 15 տարվա ընթացքում դարձել են այնքան արհեստավարժ, որ վրացական պարի ժամանակ վերափոխվում և պարում են ինչպես վրացիներ», – ասում է Ալիկ Քսպոյանը:
Շատ տարբերություններ կան հայկական ու վրացական պարերի միջև: «Ջավախք» համույթը շատ անգամ մասնակցելով Քոբուլեթի ամենամյա փառատոնին, տեսնելով այնտեղ վրացական պարեր, շատ սիրեց դրանք և արդեն յոթ տարի իր պարացանկում ունի մի քանի վրացական պարեր: Նրանք պարում են «Ռաճուլի», «Աճառուլի», «Քառթուլի պարը» և մի քանի այլ պարեր:
Համույթի պարուսույց Լամարա Քսպոյանը ասում է, որ իրենք աստիճանաբար սկսեցին սովորոցնել երեխաներին վրացական պարերի հնարքների, դրանից բացի, նրա խոսքերով. շատ է օգնում այն, որ նրանք փառատոնի ժամանակ իրենց աչքերով տեսնում են պարերը:
«Հայկական պարի գլխավոր տարրը՝ դա հոգին է, հանգստությունը, թեթևությունը, նազանքը: Վրացական էլեմենտները ավելի հստակ, հպարտ են: Վրացական պարը ամբողջությամբ ավելի դժվար է, բայց կան որոշ հայկական պարեր, որտեղ էլեմենտները ավելի դժվար են, քան վրացական պարերում: Մեր ամեն մի պար ունի իր իմաստը: Վրացական պարերում գերակշռում է արտիստիզմը, դրանք ռիթմիկ են և գրավում են մարդկանց: Տարբերվող հատկանիշը, ըստ իս, դա ռիթմիկ լինելն է», – ասում է Լամարա Քսպոյանը:
Պարուսույցի խոսքորով, երեխաները հաճույքով են պարում վրացական պարեր, սիրում են, երբ մրցույթների ժամանակ հայտարարում են, որ համույթը կպարի «Ռաճուլին»` հայկական տարբերակով:
Հայկական ու վրացական պարերը ունեն իրենց յուրահատկությունները, ինքնատիպությունը` կրելով իրենց մեջ բազմադարյա պատմություն: Մի բան հաստատ պարզ է, եթե ինչպես հայկական պարի, այնպես էլ վրացական պարի մեջ չներդնես հոգի. պար դուրս չի գա, կստացվի սովորական վարժություն:
Շուշան Շիրինյան