Առաջին հասարակական կազմակերպություններն Ախալքալաքում հայտնվել են 90-ականների վերջին, 2000-ականների սկզբին գրանցված հասարակական կազմակերպությունների թիվը գերազանցել է 200-ը: Ամեն ինչ կապված էր դոնոր կազմակերպությունների ֆինանսների հետ, որոնք տրվել են Վրաստանում տարբեր հասարակական կազմակերպությունների գործունեության համար: Այժմ կենտրոնական կազմակերպություններն աշխատում են նաև շրջաններում՝ դրանով իսկ տեղական կազմակերպություններին դնելով «ոչնչացման» ճանապարհին:
Գիորգի Անդղուլաձեն առաջին ՀԿ-ականներից է, ով 90-ականների վերջին ներգրավվեց քաղաքացիական հասարակության զարգացման մեջ: Երբ սկսվեց ՀԿ-ների բումը, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին «հեշտությամբ» գումար վաստակել, գրանցեցին միանվագ կազմակերպություններ: Բոլորը խոստովանում են, որ այդ ժամանակ Ախալքալաքում մեծ գումարներ էին պտտվում, քանի որ տարածաշրջանը նախկինում ուշադրության մեջ էր, ավելին, տարածաշրջանին բնորոշ առանձնահատկությունը՝ կոմպակտ ապրող ազգային փոքրամասնությունը, այդ տարածաշրջանի համար մեծ դեր խաղաց: Հասարակական կազմակերպությունների մեծ մասը, որոնք այդ ժամանակ լավ փող էին վաստակում՝ ժամանակի ընթացքում անհետացան: Մնացին միայն գաղափարական հասարակական կազմակերպությունները, որոնք ամբողջ տարածաշրջանում 20-ից փոքր ինչ շատ են:
«Խոսելով ՀԿ-ների ազդեցության մասին՝ մնում է միայն ցանկալ ամենալավը, քանի որ հասարակական կազմակերպությունները Սամցխե-Ջավախքում բավականին թույլ են ոչ միայն այն պատճառով, որ նրանք ստաբիլ կերպով չեն կարող ունենալ մշտական ֆինանսավորում, այլ նաև այն պատճառով, որ քաղաքացիական հասարակությունն ընդհանուր առմամբ թույլ է: Չնայած դրան, որոշ կազմակերպություններ աշխատում են: Չնայած այն հանգամանքին, որ զարգացման գործընթացը դժվար է առաջընթաց ապրում, մենք միևնույն է զարգանում ենք, առավել ևս, որոշ գրանցված հասարակական կազմակերպություններ երբևէ չեն աշխատել: Ստեղծվել են տարբեր ծրագրերի շրջանակներում, հավաքվում էին ինչ-որ մարդիկ, ստեղծում ՀԿ-ներ և վերջ: Ախալցիխեում ես գիտեմ միայն երկու ՀԿ, որոնք փակվել են, և մեկ ՀԿ՝ Ախալքալաքում», – ասում է Գիորգի Անդղուլաձեն:
Եթե սկզբում հասարակությունը չէր ընկալում և չէր հասկանում, թե որն է այդ կազմակերպությունների դերը՝ զգուշանում էր: Աստիճանաբար, հասարակական կազմակերպություն հասկացողությունը սովորական դարձավ, չնայած սկզբում երկար ժամանակ պահանջվեց բացատրելու, թե ովքեր են նրանք և ինչ են ուզում: Այնուհետև գործածման անցավ «թրեյնինգ» բառը: Կազմակերպության գործունեությունը շատ դեպքերում նկատելի չէր և նպատակաուղղված էր որոշակի մարդկանց զարգացմանը:
«Այն ժամանակ ավելի քիչ բան գիտեին ՀԿ-ների մասին: Բնակչության հետ աշխատելն ավելի բարդ էր, իսկ դոնորների հետ՝ ավելի հեշտ: Այս 20 տարիների ընթացքում դոնորները սկսեցին ավելին պահանջել ՀԿ-ներից: Ինքնին, հաշվետվությունը դարձել է ավելի բարդ, անհրաժեշտ են ավելի կոնկրետ արդյունքներ: Մենք պետք է դոնորին ցույց տանք ավելի շոշափելի նվաճումներ: ՀԿ-ում աշխատելն այսօր այնքան էլ հեշտ չէ, որքան 20 տարի առաջ, քանի որ յուրաքանչյուր խոսք, որն արտահայտվում է այս կամ այն կազմակերպության ներկայացուցիչների կողմից, պետք է հիմնավորված լինի և հաստատվի լուրջ փաստաթղթերով: Ջավախքում իրավիճակը զգալի կերպով տարբերվում է մնացած շրջաններից: Դա նաև մասամբ մեր մեղքն է, որ մեր՝ ՀԿ-ների մոտ նման իրավիճակ է ստեղծվել: Շատ դժվար է աշխատել նախագիծից նախագիծ», – ասում է «Սամցխե-Ջավախեթյան HUB» նախագծի ղեկավարը և «Մեսխ Դեմոկրատներ» հասարակական կազմակերպության նախագահ՝ Գիորգի Անդղուլաձեն:
Մախարե Մացուկատովը նույնպես այն մարդկանցից մեկն է, ովքեր եղել են քաղաքացիական հասարակության զարգացման առաջնագծում, նա ղեկավարում է երկու հասարակական կազմակերպություն՝ «Ախալքալաքի կարտոֆիլ» և «Ախալքալաքի բիզնես կենտրոն» ՀԿ-ները: Մախարեն կարծում է, որ այժմ ՀԿ-ները գաղափարական մարդկանց միություն չեն, այլ առանձին հեղինակավոր ՀԿ-ականներ: Ինչպես հիշում է նա, առաջ դոնորներն իրենք էին առաջարկում հեշտ տարբերակ՝ դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու համար, ինչը չի կարելի ասել հիմա:
«Վերջին նախագիծը, որ իրականացրել է «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիան, եղել է 2018 թվականին: Ինչ վերաբերում է «Բիզնես կենտրոնին», ապա մի ամբողջ դար նախագիծ չի եղել: Մի քանի անգամ նախագծեր եմ գրել, բայց և ոչ մեկը չի անցել: Տեղական կազմակերպությունները դրամաշնորհներ չեն ստանում: Երբ գրում են որոշ նախագծեր և իրականացման են հանձնում որոշ մարզերում՝ անհրաժեշտ է նշել, որ նախագիծը պետք է իրականացվի Թբիլիսիից դուրս: Թող գոնե տեղական կազմակերպությունները ներառվեն որպես գործընկերներ, եթե նախագիծն իրականացվում է Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչո՞ւ ոչ մի տեղական կազմակերպություն չի կարող ներգրավվել: Այժմ առաջնահերթությունը տրվում է կենտրոնական կազմակերպություններին, և նրանք էլ ստանում են դրամաշնորհները, որոնք խեղդել են տեղական հասարակական կազմակերպություններին, որոնք ներկայումս գտնվում են հոգեվարքի մեջ: Ինչ-որ ակտիվություններ պարզապես իրականացվում են իներցիայով, ցավոք, դա արվում է ՀԿ-ականների կողմից, այսինքն` անհատների, այլ ոչ թե ՀԿ-ների», – ասում է Մացուկատովը:
Նախկինում ՀԿ-ներում քիչ ակտիվ կանայք կային, նրանցից մեկը՝ Դալի Աղդգոմելաձեն է: Նա աշխատում է առ այսօր, բայց խոստովանում է, որ ՀԿ-ը պահպանելը շատ ավելի բարդ է, քան նախկինում:
«Վերջին նախագիծը, որը մենք ունեցանք մեկ տարի առաջ, ֆինանսավորվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից: Դրանից հետո ես դիմել եմ, գրել նախագծեր հիմնադրամներին, բայց մենք դրամաշնորհներ չէինք ստանում: Մեր կազմակերպությունը աշխատում է կրթության, գենդերային հարցերի և շատ այլ ոլորտներում, թեպետ աշխատուժ և գրասենյակ պահպանելը շատ դժվար է և թանկ: Մշտական անդամները կազմակերպությունում երկուսն են, բայց երբ հայտնվում են նախագծեր, մենք վարձում ենք անհրաժեշտ մասնագետների՝ իրավաբաններ, փորձագետներ, ուսուցիչներ և այլք: Եթե դրամաշնորհներ չլինեն՝ չկա ակտիվություն, չկա և ոչինչ», – ասում է Դալի Աղդգոմելաձեն:
Քաղաքացիական հասարակության զարգացումը, ինտեգրումը, պետական լեզվի դասավանդումը, երիտասարդության հետ աշխատելը և շատ ավելին՝ հասարակական կազմակերպությունների նպատակը և ուղղվածությունն է: Այնուամենայնիվ, եթե Եվրոպայում, որտեղ վերցվել է հասարակական կազմակերպությունների գաղափարը, դրանք դեռևս արդիական են, և շատ դեպքերում հենց պետությունն է ֆինանսավորում տրամադրում հասարակական կազմակերպությունների գործունեության համար, ապա Վրաստանում դա միջազգային դոնորների հոգսն է, ովքեր կամաց-կամաց հեռանում են այստեղից:
Քրիստինե Մարաբյան