Ադրբեջանի նախագահը և ՀՀ վարչապետը Մյունխենի անվտանգության համաժողովում առաջին անգամ բացահայտ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Համաշխարհային տարբեր ԶԼՄ-ներ կենտրոնացել են երկխոսության տարբեր հայեցակետերի վրա: Jnews-ը հետաքրքրվել է, թե ինչ արձագանք է ստացել իրադարձությունը Վրաստանում:
Լեռնային Ղարաբաղի հարցով բարձր մակարդակի քննարկումների կազմակերպումը բարդ էր: Ամեն անգամ, կողմերից մեկը հրաժարվում էր մասնակցել: Եվ վերջապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, հրապարակավ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Քննարկումը տևել է մոտ 45 րոպե: Սա նման ձևաչափով ղարաբաղյան հակամարտության առաջին բաց քննարկումն էր:
Ալիև-Փաշինյան հանդիպումը զանազան լրատվամիջոցներում
Համաշխարհային ԶԼՄ-ներից ոմանք լուսաբանել են այս իրադարձությունը՝ զուգահեռներ անցկացնելով երկու հակամարտող երկրների առաջնորդների հայտարարությունների միջև: Օրինակ, գերմանական DW (Deutsche Welle) գերմանական հրատարակությունը շեշտը դրել է նախկին ամուր դիրքերից հետզհետե հեռանալու, պատմական փաստարկների փոխանակման վրա: Դրանցից մեկն այն առաջարկն է, որ խնդրի լուծումը պետք է ձեռնտու լինի բոլոր երեք կողմերի համար՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի: Ղարաբաղյան օրինակով DW-ի հոդվածը կանխատեսել էր նաև Ուկրաինայում նմանատիպ հնարավոր սցենարի զարգացման մասին, եթե Դոնբասում հակամարտությունն ունենա այդ նույն նվաղուն պայմանադրությունը երկար տարիներ շարունակ:
«Новые известия» ռուսական հրատարակությունը հանդիպմանը նայեց DW պրիզմայով: Այնուամենայնիվ, այստեղ շեշտը դրված էր ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից առաջարկվող փոփոխությունների և առաջարկությունների վրա, հոդվածում խոսվում էր նաև այս հարցի շուրջ Ալիևի դիրքորոշման մասին:
Մյունխենի անվտանգության համաժողովի վերաբերյալ ընդհանուր հոդվածում՝ «Politico» ամերիկյան մեդիա-կազմակերպությունը առանձին բաժին է նվիրել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը՝ «Իմ պատմությունը ավելի երկար է, քան քո պատմությունը» ենթավերնագրով՝ հիմնվելով հանդիպման ընթացքում տեղի ունեցած պատմական վեճի վրա:
Թուրքական Duvar թերթը ավելի մանրամասն է ներկայացրել հանդիպման այն մասը, որտեղ քննարկվել են ՄԱԿ-ի բանաձևերը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Վրաստանի Առաջին ալիքը իր նյութը վերնագրել է՝ «Փաշինյանը Ալիևին. Հարավային Կովկասում չի եղել Ադրբեջան կոչված երկիր»: Հոդվածում մեջբերվում էին Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ այս տարածքում պատմականորեն ապրում էին հայերն ու վրացիները, և որ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելը Իոսիֆ Ստալինի անձնական նախաձեռնությունն էր:
Փորձագիտական կարծիք Վրաստանից
«Ռոնդելի» հիմնադրամի փորձագետ և քաղաքագետ Վալերի Ճեճելաշվիլիի կարծիքով՝ այն, որ հակամարտող երկրների ղեկավարները հանդիպում են, արդեն իսկ լավ է: Փորձագետն ասում է, որ դա հնարավոր դարձավ, քանի որ Հայաստանում եղավ Թավշյա հեղափոխություն և իշխանություն եկան բոլորովին նոր մարդիկ:
«Կարծում եմ, որ նրանք մտահորիզոն ունեն, և շատ ավելի հեռանկարներ ունեն, քան նախկինները: Ադրբեջանի իշխանությունները նույնն են: Ցավոք, մենք հարաբերությունների մեջ չենք տեսնում դինամիզմ և առաջխաղացում: Բայց լավ է, որ նախագահը և վարչապետը հանդիպում են, սա մեզ համար նույնպես շատ ցավոտ թեմա է»:
Փորձագետը դատողություն է անում, որ Վրաստանի վրա ղարաբաղյան հակամարտությունն անմիջական կերպով չի ազդում, բայց միևնույն է շատ բաներ անդրադառնում են երկու պատերազմող երկրների անմիջական հարևանի վրա:
«Քանզի այն սահմանափակումները, որոնք առկա են Հարավային Կովկասի տարածաշրջանում հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով, դրանք անմիջականորեն ազդում են նաև Վրաստանի հնարավորությունների և զարգացման հեռանկարների վրա, չխոսելով Հարավային Կովկասի ընդհանուր հեռանկարների մասին», – ասում է Վալերի Ճեճելաշվիլին՝ զարգացնելով իր դատողությունն այն ուղղությամբ, թե ինչ կարող է անել Վրաստանը:
«Մենք կանենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծենք այս հակամարտությունը, բայց մեր հնարավորությունները շատ սահմանափակ են, ամեն դեպքում, որպեսզի Վրաստանն ինչ-որ բան անի, առնվազն անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը: Մինչդեռ Երևանը և Բաքուն կարծում են, որ Մինսկի բանակցությունների ձևաչափը, որ նրանք ունեն, երկկողմ խորհրդակցությունները Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կամ առանց դրանց, դիտարկվում է հակամարտության լուծման իդեալական ձևաչափ: Հուսով ենք, որ համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի այս ջանքերն, ի վերջո, կբերի որոշակի դրական արդյունքների»:
Քրիստինե Մարաբյան