Ախալքալաքի որոշ բազմահարկ շենքերի բնակիչներ ասում են, որ իրենք ակնկալում էին, որ իրենց շենքերի շքամուտքերում էլ կտեղադրվեր օդափոխման սարքավորումներ, որպեսզի բնական գազն անվտանգ օգտագործեն, բայց ոչ բոլոր բազմահարկ շենքերում տեղադրվեցին օդափոխման համակարգեր: Արդյո՞ք կտեղադրեն մնացած շենքերում, հստակ պատասխան չկա:
Առաջին զինվորական ավանում գտնվող թիվ 488 բազմահարկ շենքի բնակիչները նույնպես ցանկանում են, որ իրենց շքամուտքներում տեղադրվեն օդափոխման սարքավորումներ, որոնք տեղադրվել են բազմահարկ շենքերի ավելի քան 30 մուտքերում՝ տեղական բյուջեի միջոցներով:
Պարզելու համար, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել մուտքերը, որտեղ տեղադրվել են օդափոխման սարքավորումները, ինչո՞ւ որոշ բազմահարկ շենքեր չեն ներառվել այս ցուցակում՝ մենք դիմեցինք քաղաքապետարան:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Մագդա Ամիրշադյանի, նրանց ցուցակը տրվել է գազաբաշխիչ ընկերությունից, իսկ թե ինչ սկզբունքով է ստեղծվել այդ ցուցակը՝ տեղյակ չէ:
Սակայն, նա խորհուրդ տվեց բնակիչներին, որոնց շքամուտքերում անվտանգության համակարգը տեղադրված չէ, դիմեն քաղաքապետարան:
«Եթե օդափոխման սարքավորումները տեղադրված չեն որոշ շքամուտքերում, թող բնակիչները դիմում գրեն, և մենք կտեսնենք, թե իսկապես պետք է այնտեղ տեղադրել, այդ դեպքում մենք գազաբաշխիչ ընկերության հետ միասին կլուծենք այս հարցը», – ասում է նա:
Հարցին, թե ինչո՞ւ որոշ բազմահարկ շենքերի շքամուտքերում տեղադրված չեն անվտանգության համար օդափոխման սարքավորումները, մեզ «SJGC» գազաբաշխիչ ընկերությունից կոնկրետ պատասխան չտվեցին՝ ասելով.
«Բնակիչները, ովքեր դժգոհում են, թող գան մեր գրասենյակ, և մենք կխոսենք», – ասաց «SJGC»-ի աշխատակիցը, ով իր անունը չասաց:
Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականին՝ Ախալքալաքի բազմահարկ շենքերի շքամուտքերում օդափոխման համակարգ տեղադրելու համար, տեղական բյուջեն հատկացրել էր 28 000 լարի:
3-4-5 հարկանի շենքերում գազի հաշվիչները տեղադրված են շքամուտքերում, ուստի գազաբաշխիչ ընկերությունը դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին` օդափոխման համակարգերը տեղադրելու համար:
Ախալքալաքում օդափոխման համակարգերը տեղադրված են բազմահարկ շենքերի 30-ից ավելի շքամուտքերի վերջին հարկերում: