Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից մոտ 110 000 լարի է հատկացվել տարբեր գյուղերից երեխաներին քաղաքի մանկապարտեզներ և դպրոցներ, ինչպես նաև այլ գյուղեր տեղափոխելու համար: Փետրվար-մարտ ամիսներին 175 երեխայի տրանսպորտով տեղափոխման տենդերն արդեն կայացել է, և նրանց արդեն տեղափոխում են:

Արդեն երկրորդ տարին է, ինչ դպրոցականների տեղափոխման համար Ախալքալաքի մունիցիպալիտետը վճարում է: Մինչ այդ երեխաներին դպրոցներ տեղափոխելու համար վճարել և տրանսպորտով տեղափոխությունը կազմակերպել է Կրթության և գիտության նախարարությունը: Համաձայն կանոնակարգի՝ երեխան փոխադրման ենթակա է, եթե նրա դպրոցից կամ մանկապարտեզից մինչև երեխայի գտնվելու վայրի միջև եղած հեռավորությունը գերազանցում է 3 կմ-ը:

Տենդերը հայտարարվում է երկու-երեք ամսով: 2020 թվականի փետրվար-մարտ ամիսների համար անցկացված տենդերը շահել է Գրիգորի Ծուրծումիան՝ 18 027,00 լարիի չափով:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովի, ճշգրտումից հետո շուտով կհայտարարվի նոր տենդեր երեխաների հետագա փոխադրման համար:

Ըստ նրա պնդման՝ տրանսպորտով տեղափոխումըը փետրվարի սկզբից արդեն իրականացվում է:

Տենդերային փաստաթղթերի համաձայն՝ տրանսպորտով տեծափոխություն պետք է իրականացվի հետևյալ ուղղություններով.

Կարտիկամ գյուղից մինչև Ախալքալաքի թիվ 2 դպրոց` 20 աշակերտ,
Բալխոյից մինչև Բուղաշեն գյուղի դպրոց՝ 8 աշակերտ,
Կուլիկամ և Խուլգումո գյուղերից մինչև Ախալքալաքի թիվ 2 դպրոց՝ 17 աշակերտ,
Իխտիլա գյուղից մինչև Բարալեթ գյուղի մանկապարտեզ` 20 երեխա,
Զակ գյուղից մինչև Բարալեթ գյուղի մանկապարտեզ` 6 երեխա,
Մերենիա գյուղից մինչև Բարալեթ գյուղի մանկապարտեզ` 18 երեխա,
Բոզալի և Ֆիլիպովկա գյուղերից մինչև Կարծախ գյուղի մանկապարտեզ` 15 երեխա,
Կորխ գյուղից մինչև Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 10 երեխա,
Մաջադիա գյուղից մինչև Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 17 երեխա,
Բավրա գյուղից մինչև Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզ՝ 19 երեխա,
Խոսպիո գյուղից մինչև Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ` 14 երեխա,
Մուրջախեթ և Չամդուրա գյուղերից մինչև Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ՝ 11 երեխա:

Բրատիսլավ Իգիթխանյան