Ախալքալաքցիները բողոքում են, որ քաղաքում մայթերով քայլելն անհնար է, դրանք սառույցով են ծածկվել, ձյան տեղումներից հետո չեն մաքրվել: Մի քանի օր առաջ մի կին ընկել և ոտքն է կոտրել, նույնիսկ պահանջվել էր վիրահատական միջամտություն, որն անց էր կացվել Երևանում: Ո՞վ է պատասխանատու Ախալքալաքում մայթերը մաքրելու համար, պատասխանը միանշանակ չէ:
Բնակիչները տեղական իշխանություններին խնդրում են հնարավորինս արագ լուծել այդ խնդիրը, քանի որ վտանգավոր է մայթերով քայլելը, իսկ մայթեզրով անցնելը մեքենաների հետ միասին՝ նույնպես:
Ականատեսների խոսքով՝ Նալբանդյան փողոցի մայթին մոտ օրերս մի երիտասարդ կին է ընկել և կոտրել ոտքը: Վերջերս Jnews-ի խմբագրություն բազմիցս դիմում են խնդրանքով՝ բարձրացնել այս հարցը:
Քաղաքի փողոցները ձյունից մաքրելու տենդերը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը` 97 997.00 լարիով: Սակայն մրցութային փաստաթղթերում նշված չէ, թե արդյոք այս փողոցների մայթերի մաքրումը մտնում է տենդերը շահողի պատասխանատվության ներքո:
Ըստ Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի, «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը պետք է մաքրի քաղաքի ճանապարհներն ու որոշ փողոցները ձյունից, իսկ մայթերը՝ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը:
Ըստ Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, քաղաքապետարանի հետ պաշտոնական համաձայնություն չկա, սակայն որոշ մայթեր և փողոցներ մաքրվում են Կենտրոնի կողմից: Ըստ նրա, նրանք վերջերս մաքրել են նախկին զինվորական ավանը քաղաքին միացնող կամուրջը, Ազատության փողոցը՝ մինչև լուսացույցերը, զբոսայգու շրջակայքը և մի քանի այլ փողոցներ:
«Մենք քիչ ռեսուրսներ ունենք, այդ իսկ պատճառով մենք չենք կարող մաքրել ամբողջ քաղաքը», – ասում է Արմեն Բիչախչյանը:
Նալբանդյան փողոցի մաքրումը, որտեղ վերջերս քաղաքի բնակչուհին կոտրել էր ոտքը՝ «Ջավախ Ավտո Գզա» ընկերության վրա է, սակայն, հայտնի չէ, թե ով պետք է մաքրի նույն փողոցի մայթերը:
«Քանի որ այս փողոցում հիմնականում մասնավոր խանութներ են և առևտուրն իրականացվում է փողոցում, այդ պատճառով տեխնիկան չի կարող աշխատել», – ասում է Արմեն Բիչախչյանը:
Քաղաքի ձնեմաքրման աշխատանքների տենդերային փաստաթղթերի համաձայն՝ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը պետք է մաքրի 26 գյուղական ճանապարհ՝ ընդհանուր 174 կմ: Բացի գյուղական ճանապարհներից, ընկերությունը պետք է մաքրի քաղաքի հետևյալ փողոցները՝ Ազատության, Նալբանդյանի, Չարենցի, Թումանյանի, Թամարա Թագուհու, Մաշտոցի, Դարբինյանի, Մալխասյանի, Ճավճավաձեի, Ռուսթավելիի, Միկոյանի, Մարգարյանի, Ջավախիշվիլիի և Գուսան Հավասու: