Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղից Ֆլորա Արևյանը, ով 52 տարի ուսուցչուհի է աշխատել, այսօր գործազուրկ է: Նա միայնակ է ապրում, իր երկրորդ տունը դպրոցն է եղել, սակայն այս տարի «լքել» է այն։ Միայնակ կինը, ով առավոտ արթնանալով շտապել է դպրոց, այսօր այլևս ոչ մի տեղ չի շտապում։
52 տարվա աշխատանքի ընթացում նա ընդունել և կյանք է ճանապարհել 10-12 առաջին դասարան։ Նախանցած տարի ընդունելով հերթական առաջին դասարանը տիկին Ֆլորան մտքի ծայրով անգամ չէր կարող անցկացնել, որ այդ դասարանը լինելու է վերջինը։ Դժվարությամբ է հրաժեշտ տվել սիրելի դպրոցին:
«Բաժանումը շատ դժվար էր, ծանր, շատ եմ փոշմանել։ Սակայն կար այսպիսի բան, ինձ ասացին, որ պայմանագիրը ստորագրելուց հետո մի տարի էլ կդասավանդեմ, իսկ վերջում այդպես չեղավ և ես չկարողացա իմ վերջին դասարանի աշակերտներին գոնե 3-րդ դասարան հասցնել», – ափսոսանքով և հուզմունքով է պատմում Ֆլորա Արևյանը։
Վերջինս դպրոցից հեռացել է 2019 թվականին, երբ պետությունը կենսաթոշակառու ուսուցիչներին առաջարկեց պարգևավճար ստանալ և դադարեցնել մանկավարաժական գործնեությունը:
Արևյանը շեշտում է, ուսուցչուհին պետք է սիրի իր մասնագիտությունը և, որ ամենակարևորն է համբերություն ունենա, որովհետև երեխաները տարբեր են և բնականաբար մոտեցումն էլ պետք է լինի համապատասխան:
«Երեխաներին ոգևորեցնել է պետք, որպեսզի երեխան վստահ լինի իր ուժերին»,- նշում է Արևյանը։
Ֆլորա Արևյանը սկզբում դասավանդել է Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում, 3 տարի սիրած մասնագիտությամբ հայրենի գյուղից դուրս աշխատելուց հետո վերադարձել է Օրջա և 49 տարի աշխատել Օրջայի հանրային դպրոցում։
Դպրոցական տարիներին տիկին Ֆլորան երազել է դառնալ իրավաբան, սակայն հոր հորդորով ընտրել է ուսուցչուհու մասնագիտությունը և այն շատ է սիրել։
«Ճիշտն ասաց, ես շատ էի սիրում իրավաբանի մասնագիտությունը, սակայն այնպես ստացվեց, որ ընտրեցի մանկավարժի մասնագիտությունը և շատ սիրեցի իմ աշխատանքը»,- կիսվում է Արևյանը։
Արևյանը դասվանդել է և՛ Խրոհրդային Միության ժամանակ, և՛ փլուզումից հետո, համեմատելով կրթական համակարգերն ընդգծում է.
«Մեր սերնդի մասին հայրս ասում էր «անհովիվ արածած, անփարախ պառկած», բայց որ մեր սերունդը համեմատում եմ հիմիկվանի հետ․․․ չգիտեմ։ Բայց գիտեք այս սերունդը դաստիարակողը մենք ենք, ինչ տվել ենք այն ստանում ենք: Մենք ենք օրինակ ծառայում մեր սերնդին։ Բայց ես միշտ ասել եմ, որ երեխային կրթողն ու դաստիարակողը մայրն է, եթե մայրը կիրթ է, երեխան անկիրթ չի կարող լինել։ Հետևաբար՝ վատ աշակերտ չկա, կա վատ ուսուցիչ, բայց աշակերտի վատը չկա, կա դժվար երեխա։ Ինչ վերաբերում է կրթական համակարգին հիմա եթե ուսուցիչները խիղճ չունենան, ապա աշակերտները ոչինչ չեն հասկանա։ Այնպիսի թարգմանություններ են կատարել, որ աշակերտները միշտ հարցնում են, հարգելի, այստեղ ի՞նչ է գրված, այստեղ ինչ է ասում, հատկապես մաթեմատիկան, խճճված է»,- ասաց Արևյանը։
Դպրոցից դուրս գալուց հետո Արևյանը պատրաստվում է մտքերը, ապրումներն ու հուշերը թղթին հանձնել։
Տիկին Ֆլորան չի ամուսնացել, այսօր միայնակ է: Պատմում է, որ երիտասարդ տարիքում տարվել է ընթերցանությամբ և կյանքի գրքային պատկերացումներն իրականությունից տարբեր է եղել, ինչն էլ հիասթափեցրել է Արևյանին։
«Ընթերցասիրությունս է միայնակությանս պատճառը: Դպրոցական հասակից այնքան շատ էի կարդում, որ դպրոցի գրադարանավարուհուն զգուշացրել էին, որ ինձ և ընկերուհուս գրքեր չտան։ Աշակերտներս խորհուրդ էին վերցնում, որ գիրքը կարդան, ես բոլորին միշտ ասել եմ, կարդացեք, բայց ոչ շատ։ Այդ պատճառով հիմա ես մենակ եմ, միայնակությունը՝ դա սարսափելի բան է, ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս մենակ մնալ»,- ընդգծում է Ֆլորա Արևյանը։
Դպրոցի ու աշակերտների հետ կապն այնքան ուժեղ է, որ տիկին Ֆլորան պատրաստվում է պարտադիր ներկա գտնվել դպրոցական բոլոր միջոցառումներին, որպեսզի այդկերպ կարողանա ինչ-որ չափով, դպրոցից հետո առաջացած մեծ բացը լրացնել:
«Դպրոցում պետք է պարտադրեմ բոլորին, որպեսզի ինձ բոլոր միջոցառումներին հրավիրեն, ինչպես Համո Սահյանն է ասել՝ «ինձ բացակա չդնեք», – եզրափակում է տիկին Ֆլորան:
Գայանե Ակոջյան