2019թ.-ին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածով տեղափոխվել է 3 091 վագոն՝ ընդհանուր 108 646 տոննա բեռով։ Այս մասին հայտնում են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից:

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին` ելնելով այս տեղանքի ռելիեֆից, շրջակա միջավայրի պայմաններից և տեխնիկական դժվարություններից, բավականին բարդ նախագիծ է համարվում, հետևաբար, այն իրականացվում է ողջամիտ ժամկետներում… Նոր երկաթգծի վրացական հատվածի աշխատանքներն ավարտական ​​փուլում են. տարվում են ենթակառուցվածքային աշխատանքներ, կառուցվում են ձնապաշտպանիչ ցանկապատներ, ձյան պաշտպանության ցանկապատերը, փորձարկվում է տեղադրված հաղորդակցման համակարգը և այլն», – հայտնում է լրատվական գործակալությունը:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2019 թվականին վերակառուցվել են 10 կայանաշենքեր, կայարաններում տեղադրվել են միկրոպրոցեսորային կենտրոնացման ցանցեր (ՄԿՑ) և փոստային սարքավորումներ, անցկացվել է 333 կմ մանրաթելային մալուխ, 11 կայաններում տեղադրվել են հաղորդակցման սարքավորումներ, տեղադրվել են ավելի քան 3500 կոնտակտային ցանցի աշտարակներ, ինչպես նաև անցկացվել և կարգավորվել է 153 կմ կոնտակտային ցանց:

«Ախալքալաքի երկաթուղային կայարանում ավարտվել է կայարանաշենքի շինարարությունը, դրա ներքին և արտաքին շինարարական աշխատանքները, ինչպես նաև տարածքի ուղղահայաց պլանավորման աշխատանքները: Բացի այդ, ավարտվել են ինժեներական ցանցերի, ջեռուցման, օդափոխման և օդորակման համակարգերի տեղադրման աշխատանքները: Գործակալության տվյալներով՝ ավարտվել է նաև բեռնարկղային և թափվող բեռների համար բետոնե հարթակների կառուցումը, տեղադրվել է 40 տոննա բեռնարկղային բեռնամբարձիչ և այլն», – ասում են նախարարությունից:

Երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 826 կիլոմետր: Նախագծի շրջանակներում կառուցվել է նոր՝ 105 կիլոմետրանոց երկաթգիծ, ​​որից 76 կմ-ը` Թուրքիայում, իսկ 29 կմ-ը՝ Վրաստանում: Բացի այդ, Վրաստանում վերակառուցվել է Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 183 կիլոմետրանոց հատվածը` անցումային հնարավորությունը տարեկան հասցնելով 15 միլիոն տոննա բեռի: Միջանցքի առավելագույն անցումային հնարավորությունը գնահատվում է տարեկան 17 մլն տոննա բեռ, միջանցքի շահագործման սկզբնական փուլում, այս ցուցանիշը կլինի մեկ միլիոն ուղևորներ և 6,5 մլն տոննա բեռի մակարդակով: 2015-ի հունվարի 29-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածով անցել էր առաջին փորձարկման գնացքն, իսկ 2017-ի հոկտեմբերի 30-ին այդ հատվածը պաշտոնապես բացվել էր:

Նյութը՝ «report.ge»-ից