Բորժոմիից ոչ շատ հեռու, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է հինգ հոգի, որոնցից երեքն անչափահաս են եղել: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել այսօր, Խաշուրի շրջանի Քվիշխեթի գյուղում: Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել գետը: Նախնական տվյալներով, ավտոմեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը:

Մինչև շտապօգնության և փրկարարների ժամանումը, գյուղացիները փորձել են ինքնուրույն օգնություն ցուցաբերել տուժածներին: Ջրի մեջ հայտնված մեքենայի 5 ուղևորներին դուրս են բերել ականատեսներն ու ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները:

Մեքենայի վարորդը տեղում մահացել է: Կինը և երեք երեխաները հոսպիտալացվել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ավտոմեքենայում եղել են մի ընտանիքի անդամներ:

Մինչև հիմա դեպքի վայրում են ոստիկանության մոբիլիզացված ուժերը: Իրենց աշխատանքն են սկսել քերական փորձագետները:
Ինչպես նաև, այսօր արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման հատուկ խումբն ավտոմեքենան պետք է դուրս բերի գետից:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ տրանսպորտային միջոցների շահագործում, որի հետևանքով զոհվել է երկու կամ ավելի մարդ»: Հոդվածը նախատեսում է պատիժ՝ վեցից մինչև տաս տարի բանտարկություն: