Նինոծմինդայի Սակրեբուլոի նախագահ Սումբատ Կյուրեղյանը պահանջում է, որ Գորելովկա գյուղի կետրոնական ջրագծից անջատեն բոլոր անօրեն միացումները։ Նա համարում է, որ կատարված բողոքի ցույցի իրական պատճառը, ոչ թե ջրի խնդիրն էր, այլ իր անվան հետ խաղալը։

Հունվարի 20-ին, Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչները փակել էին հայ-վրացական միջպետական սահմանը և պահանջում էին լուծել իրենց գյուղի ջրի խնդիրը: Խնդիրը կայանում է նրանում, որ խոշոր ֆերմաներին ավելի շատ ջուր է հասնում, ինչի պատճառով մնացած բնակիչներին ջուրը չի բավականացնում:

Մասնավորապես, Գորելովկա գյուղի բնակիչները պահանջում էին, որ Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանն անջատի իր ֆերմայի ջուրը: Սամցխե-Ջավախքի նահանգապետի, խորհրդարանի պատգամավորի, տեղական իշխանությունների և գյուղացիների միջև կայացած դռնփակ հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկան, հատուկ հանձնաժողով ստեղծել, որը և կզբաղվի ջրի հարցով: Եվ հանձնաժողովն իրավասու է անջատել կենտրոնական ջրատարի բոլոր անօրեն միացումները:

Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը, ով անասնապահական ֆերմա ունի, դռնփակ հանդիպման ավարտին խոստացավ անջատել իր ֆերմայի ջուրը:

Այսօր, հունվարի 23-ին Jnews-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ է սար բարձրացել և ստուգել ջրի խողովակատարը:

«Երեկ ես անձամբ գնացի սար, մոտավորապես 17 կմ հեռավորության վրա էր, որտեղ ջուրը հավաքվում և ինքնահոս հասնում է գյուղ։ Ես գտա պատճառը, խողովակը խցանված էր և երեկվա մեջ ջուրն ավելացավ։ Այսօր նույն ժողովուրդը, ով ոտքի էր կանգնել և բողոքում էր, որ բոլորի ջրերն անջատեն, այսօր ասում են, որ պետք չէ ոչ մեկի ջուրն անջատել։ Չնայած ես երեկ անջատել էի իմ ֆերմայի ջուրը, և ամեն պահի էլ կարող եմ անջատել։ Ես առանձին ինձ համար արտեզյան ջուր ունեմ և ջրի խնդիր չունեմ»,- տեղեկացրեց Սումբատ Կյուրեղյանը։

«Համբերության բաժակը» Գորելովկայում «լցվել է»
Դռնփակ հանդիպման արդյունքները. Բեսիկ Ամիրանաշվիլի
Սումբատ Կյուրեղյանը համաձայն է անջատել իր ֆերմայի ջուրը
Նինոծմինդայի Սակրեբուլոյում ընթանում է դռնփակ հանդիպում
Գորելովկայի բնակիչները փակել են մայրուղին, նրանք ջուր և հողատարածք են պահանջում

Վերջինս ընդգծում է, այս ամենն իր անունը վարկաբեկելու համար էր: Չնայած այն փաստին, որ ժողովուրդը ասել է, որ ոչ մեկի ջուրը պետք չի անջատել, Կյուրեղյանը պնդում է հակառակը։

«Ես արդեն հասկանում եմ, որ երևի ինչ-որ տեղ ուզում էին իմ անվան հետ խաղալ: Ես պահանջում և մինչև վերջ պնդում, որ կենտրոնական ջրագծից բոլոր միացումներն անջատեն։ Եթե բողոքում էին, երկու օրվա ընթացքում ինչ փոխվեց, նրանք իմ անվան հետ խաղացին։ Նրանք գոռում, բղավում էին, հիմա ինչ փոխվեց, այդտեղից հետևություն, որ դա ոչ թե ջրի խնդիր էր, այլ իմ անվան հետ խաղալն է»,- ասում է Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը:

Նշենք, որ այսօրվա դրությամբ կենտրոնական ջրագծից ոչ մեկի ջուրն անջատված չէ, քանի որ Գորելովկայի բնակիչներն են ասել, որ ջուրն անջատելու անհրաժեշտություն չկա։

Կյուրեղյանի խոսքերով, Ախալցիխեի տարածաշրջանային ջրամատակարարման կենտրոնական ցանցից եկել և ստուգել են ջրագիծը, իսկ այսօր վերանորոգում են ջրատարի վթարված հատվածները:

Գայանե Ակոջյան