Հանդիպումից հետո, որն այսօր տեղի է ունեցել Նինոծմինդայի Սակրեբուլոյում՝ Գորելովկա գյուղի որոշ բնակիչների, խորհրդարանի պատգամավորի, նահանգապետի և տեղական իշխանությունների մասնակցությամբ, Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը մեկնաբանեց իրավիճակը՝ ասելով, որ նա ընդառաջ կգնա Գորելովկա գյուղի բնակչությանը:

Ջրի խնդիրը կապված է այն բանի հետ, որ խոշոր ֆերմաներին ավելի շատ ջուր է հասնում, ինչի պատճառով մնացած բնակիչներին ջուրը չի բավականացնում, Կյուրեղյանը նշեց, որ համաձայն է անջատել իր ֆերմայի ջուրը:

«Այո, ես համաձայնեցի անջատել ջուրը, որը անցկացված է ֆերմայում: Մենք այժմ փնտրում ենք մեկ այլ տարբերակ, որով կարող ենք ջրով ապահովել ֆերման: Մենք մեքենաներով, ցիստեռններով ջուրը կհասցնենք ֆերմա: Եթե ժողովուրդն այդպես է ուզում, ապա ես այդպես կանեմ»,- ասաց Սումբատ Կյուրեղյանը:

Հարկ է նշել, որ վերոնշյալ հանդիպման արդյունքում որոշվել է որ հատուկ և ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրի իրավիճակը և անջատի ապօրինի միացումները հիմնական ջրատարին, որի արդյունքում բնակիչները ավելի շատ ջուր կստանան:

Գորելովկա գյուղի բնակիչների հարցին և բողոքներին, որ արոտավայրերը չի հերիքում, Կյուրեղյանն ասաց, որ ոչնչով չի կարող օգնել:

«Ես չգիտեմ արոտավայրերի առումով, դա ինձանից կախված չէ: Ես ունեմ իմ սեփական արոտավայրերը, իմ սեփական հողատարածքը, դա իմ սեփականությունն է», – ասաց նա:

Հունվարի 16-ին Կյուրեղյանի և գյուղի որոշ բնակիչների միջև Գորելովկա գյուղում տեղի ունեցած կոնֆլիկտի մասին նա ասաց, որ սա անձնական բնույթի կոնֆլիկտ է և քաղաքական հիմքեր չունի:

«Սա մեր ընտանեկան կոնֆլիկտն է, նրանք մեր բարեկամներն են, դա տեղի էր ունեցել դեռ 2013-ին, այն դեռ շարունակվում է: Մենք ինքներս կլուծենք այդ հարցը: Հետաքննությունն ընթանում է, կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի»:

Jnews-ի այն հարցին, թե ինչու է տեղի ունեցել բնակչության հետ հանդիպումը միայն այն բանից հետո, երբ նրանք ծայրաստիճան միջոցների են դիմել և ճանապարհն արգելափակել են, հնարավո՞ր չէր հանդիպումն անցկացնել Գորելովկա գյուղի բնակիչների բողոքից առաջ, Կյուրեղյանը պատասխանեց, որ ինքը չգիտի այս հարցի պատասխանը, որ այսօրվա բնակիչների բողոքը իր հետ կապված չէ: