Օլավերդի «Իրեկսոն» ջրային կայանի աշխատանքները տեխնիկական խնդիրների պատճառով հաճախակի է խափանվում: Տեխնիկի խոսքով խնդիրը հեշտ լուծելի է, իսկ Լևանա լճից բերվող ջրագծի շինարարությունը ավարտին կհասնի:

Ջրային «Իրեկսոն» պոմպը շահագործման հանձնվեց մոտ մեկ ամիս առաջ: Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն համարյա չի գործում: «Իրեկսոն» ջրային կայանի տեխնիկական հարցերով պատասխանատուի խոսքով, եթե գյուղացիները չուղղեն խողովակաշարի անկյունները, ապա ջուր չեն ունենա:

«Խնդիրը շատ հեշտ լուծում ունի: Մագիստրալի վրա մի քանի դեֆեկտներ կան, 9 անկյունները պետք է ուղղել: Մեր հաշվարկով դա ընդամենը 300 լարի կնստի գյուղացիների վրա: Եթե գյուղացիները խողովակաշարը չուղղեն, ապա ջրային պոմպը չի աշխատի»,- ասաց հիդրավլիկ կայանի տեխնիկական հարցերով պատասխանատու Իոսիֆ Նարչեմաշվիլին:

Ջուրը կայան է մտնում ուժեղ ճնշման տակ, ինչի հետևանքով կայանի աշխատանքը հաճախակի խափանվում է:

«Շատ հնարավոր է, ջրի հարվածի ուժը նույնիսկ կայանն ամբողջությամբ շարքից դուրս հանի: Գյուղում ճիշտ մոտեցում չեն ցուցաբերում, քար են լցնում կայանի մեջ: Մի անգամ ջարդվեց, քանդեցի որ սարքեմ մեջից բավականին մեծ քար հանեցի: Փոխանակ ամեն ինչ անեն ջուր ունենալու համար, ճիշտ հակառակն են անում»,- ասաց ինժեներ-հիդրոտեխնիկ, կայանի տեխնիկական հարցերով պատասխանատու Իոսիֆ Նարչեմաշվիլին:

Եթե «Իրեկսոն» ջրային կայանը գյուղացիներին խմելու ջրով է ապահովում, ապա Լևանա լճից բերվող ջրատարի ջուրը, բացի խմելուց կարող են ամեն ինչի համար էլ օգտագործել:

Այժմ Լևանա լճից Օլավերդ հասնող ջրատար է կառուցվում: Ջրատարի 7 կմ-ից 4400 մետրի շինարարությունն արդեն ավարտված է «Գյուղին աջակցություն» ծրագրի գումարներով: Ջրագիծն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ևս 2800 մ կառուցել:

Ախալքալաքի շրջանային վարչությունը էլեկտրոնայաին մրցույթների արդյունքում տնտեսած գումարով 3 նոր ծրագիր է մշակում: Ավարտել Օլավերդի ջրագծի շինարարությունը, Սուլդա գյուղի ջրատարից առանձին գիծ տանել գյուղի վերջնամասում գտնվող 15 տներին և ավարտին հասցնել Ազմանա գյուղի արարողությունների տան շինարարությունը: Թվարկված երեք ծրագրերը Վարչությունն այժմ վերջնական տեսքի է բերում, որպեսզի ներկայացնի Վրաստանի ենթակառույցների զարգացման դեպարտամենտ:

«Տեսեք, ծրագիրը արդեն պատրաստ է: Հաշվարկել ենք, 2800 մետրի համար անհրաժեշտ է 27 868 լարի: Մրցույթների արդյունքում տնտեսած գումարը կազմում է 46 000: Քանի որ տենդերներից ավելացած գումարը ավելի շատ է, դրա համար երեքը միասին ենք ներկայացնելու, որ հաստատեն: Առանձին-առանձին չենք կարող ներկայացնել»,- ասաց Ախալքալաքի շրջանային վարչության էկոնոմիկայի և ենթակառույցների զարգացման ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը:

Աղունիկ Այվազյան