Այսօր, հունվարի 5-ի երեկոյան Ջավախքի գրեթե բոլոր գործող եկեղեցիներում, այդ թվում՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ: Տոնական օրվա պատարագիչը Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն էր:
Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց:
Իսկ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին, ժամը 10:30-ին առաջնորդական Սուրբ Պատարագ կմատուցի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդակա փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Պատարագի ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ: