Ռուսաստանի Լիպեցկ մարզում ավտովթարի հետևանքով, որը Մոսկվայից ուղևորվում էր Թբիլիսի, մահացել է երկու մարդ, կողաշրջված ավտոբուսի բոլոր ուղևորները Վրաստանի քաղաքացիներ են:

Վթարի ժամանակ զոհվել է երկու մարդ, տուժել՝ 16-ը: Հայտնի է, որ ավտոբուսում գտնվում էր 19 մարդ, ավտոբուսի երկու վարորդ և 17 ուղևոր: Բոլորը Վրաստանի քաղաքացիներ են:

Այս պահի դրությամբ գոյություն ունեցող տեղեկությամբ, բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 մարդ, նրանցից մեկը երեխա է:

Վրաստանի ցամաքային տրանսպորտի գործակալության որոշմամբ, Վրաստան կտեղափոխեն այն ուղևորներին, որոնք թեթև վնասվածք են ստացել և նրանց փոխադրումը հնարավոր է:

«Փաստով հարուցվել է քրեական գործ և ընթանում է հետաքննություն: Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանության Վրաստանի բաժնի աշխատակիցները կմեկնեն դեպքի վայր և կտեսակցեն տուժածներին»,- նշված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածած հայտարարության մեջ:

Գործով ձերբակալել են ավտոբուսի վարորդին: Ինչպես հայտարարել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունում, վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: