Դեկտեմբերի 12-ին Թբիլիսիի «Marriott» հյուրանոցում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Ազգային փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական գործընթացներին. Փորձը և խնդիրները» թեմայով:
Քննարկմանը մասնակցում էին ԵԱՀԿ փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի ավագ խորհրդական Մարկ Ֆումագալին, Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի ներկայացուցիչը:
Կլոր սեղանն անցկացվեց «Ազգային փոքրամասնությունների ներգրավումը քաղաքական գործընթացներում՝ ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը Վրաստանի հասարակական-քաղաքական գործընթացներում, ընդլայնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունը քաղաքական կուսակցություններում և խթանել ինտեգրումը` զարգացնելով ժողովրդավարական կառավարման սկզբունքները:
Գիտաժողովը վարում էր Կովկասի խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտի նախագահ Գիա Նոդիան:
Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսլականը՝ ոչ միայն երկրի սոցիալական կյանքում Վրաստանի ազգային փոքրամասնությունների մասնակցության, այլև քաղաքական ներգրավվածության խնդրի մասին: Խոսեցին ներկայիս իշխանությունների ռազմավարության մասին, որն ժառանգել են նախորդներից:
Իր ելույթում, Մարկ Ֆումագալին նշեց, որ քաղաքական կուսակցությունների գործունեությունն ակտիվանում է միայն ընտրություններից առաջ, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների տարածաշրջանների նկատմամբ անբավարար ուշադրության մասին՝ նշելով, որ ԵԱՀԿ-ն փորձում է բևեռել կուսակցությունների ուշադրությունը դեպի մարզեր, այդ թվում դեպի այն տարածաշրջաններ, որտեղ կոմպակտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները:
«Ես ուզում եմ ասել, որ երկար տարիներ մենք աշխատում ենք այդ ոլորտում, որտեղ զգալի առաջընթաց է գրանցվել, բայց դեռ շատ անելիք կա: Մենք հասել ենք շատ կարևոր արդյունքների՝ քաղաքական մասնակցության առումով, և, ի դեպ, Վրաստանն առաջին երկրներից է, որը սկսել է աշխատել այս ուղղությամբ, ինչը ցույց է տալիս կառավարության կողմից այդ ուղղությամբ բաց լինելը 2015 թվականից ի վեր: Մենք սատարում ենք ինտեգրման ռազմավարությունը, ներառյալ՝ Հաշտեցման և հավասարության հարցերով նախարարի ապարատի հետ համագործակցությունը, և մեր ռազմավարության հիմնական ուղղությունը քաղաքական փոքրամասնությունների մասնակցության որակի բարելավումն է քաղաքական կյանքում», – իր խոսքում ասաց Մարկ Ֆումագալին:
Համաժողովի ընթացքում նշվեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում, լեզվական պատնեշը, խոսվեց ազգային փոքրամասնությունների ինտեգրման դանդաղ տեմպի մասին, ներառյալ քաղաքական կյանքում, այն կարծրատիպերի մասին, որոնք վկայում են, որ փոքրամասնությունները քվեարկում են միայն իշխանությունների օգտին, որ քաղաքական կուսակցությունները փորձում են իրենց շարքերում ընդգրկել միայն համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին, և շատ ավելիի մասին:
Քաղաքական կուսակցությունները ներկայացրեցին իրենց տեսլականը, խոսեցին ընտրությունների ընթացքում իրենց առջև ծառացած խնդիրների մասին՝ և՛ Քվեմո-Քարթլիում, և՛ Ջավախքում, խոսեցին Ախալքալաքի ԸՀ նախագահ Հասմիկ Մառանգոզյանի հետ կոնֆլիկտների մասին, որը ծեծել էր կուսակցություններից մեկի ներկայացուցչին և պատռել ընտրական արձանագրությունը դաշինքի ներկայացուցչի աչքի առաջ, նաև նրանք մեղադրեցին ներկայիս կառավարությանը, որ այնքան էլ ուշադրություն չեն դարձնում ազգային փոքրամասնություններին, թվարկեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրթությունը, մայրենի լեզվի ուսուցումը և հատուկ ծառայությունների հետ կապված խնդիրները, որոնք գործնականում իրենք են ղեկավարում ընտրություններն այն շրջաններում, որտեղ կոմպակտ ապրում են ազգային փոքրամասնությունները:
«Մեծ ցավով կցանկանայի նշել, որ երբ մեր կուսակցությունը 4 տարի առաջ մասնակցում էր ընտրություններին Սամցխե-Ջավախքում, ես գործնականում ապրում էի այնտեղ և ի զարմանս ինձ՝ ես տեսա, որ անվտանգության ծառայությունն ավելի ակտիվ է նման տարածաշրջաններում, և ես կարող եմ ասել, որ երբ մենք այդ օրը հավաքեցինք ձայների 70%-ը, Անվտանգության ծառայության աշխատակիցները աշխատեցին նույն օրը, կա մի «լեգենդար» նախագահ՝ Հասմիկ Մառանգոզյանը, որը պատռեց արձանագրությունը և հենց մեր աչքի առաջ գրեց նորը, գիտե՞ք ինչու: Քանի որ անվտանգության ծառայությունը, նրանց ամբողջ բանակը, կանգնած էր այս կնոջ մեջքին», – պատմեց «Նոր աջեր» կուսակցության ներկայացուցիչ Մանանա Նաճղեբիան:
Խոսեցին նաև քաղաքական գործընթացներին ազգային փոքրամասնությունների չներգրավվածության իրենց խնդիրների մասին, այն մասին, թե որքան դժվար է ընդդիմությունում լինելը, ընտրությունների ընթացքում սադրանքների մասին: Այն մասին, որ ոչ միայն լեզուն է խոչընդոտ հանդիսանում քաղաքական կարիերայի համար, այլ նաև ադրբեջանցիների կամ հայերի ազգային պատկանելիությունը, խոսեցին որ սահմանափակում կա, որ եթե ազգային փոքրամասնությունները խնդիրներ են ունենում, ապա դրանք պետք է լուծվեն միայն այլ ազգության պատգամավորի միջոցով, որ ընդդիմությունը երբևէ հայտարարություն չի արել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, չնայած իշխանությունը, որին ընտրում է ամբողջ բնակչությունը, այդ թվում նաև փոքրամասնությունները, պետք է ներկայացնի ամբողջ բնակչության շահերը:
Նրանք նաև հորդորեցին ընտրության ընթացքում չշահարկել ազգային հարցը, ինչպես նաև անջատողականության հայեցակարգը՝ չանդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են եկեղեցիները կամ բնակավայրերի տեղանունները, որոնք այս պահին արդիական են նախընտրական քարոզչության մեջ: