Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի բնակիչները եկել էին քաղաքապետարան՝ իրենց պահանջների պատասխանները ստանալու նպատակով: Նրանք հանդիպել են փոխքաղաքապետերի հետ, բայց չեն ստացել կոնկրետ պատասխան:

Առավոտյան, ավելի քան 60 բնակիչներ Աբուլ գյուղից եկել էին քաղաքապետարան՝ հանդիպելու քաղաքապետի և պատգամավորի հետ, բայց ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը, ինչպես ասացին Աբուլի բնակիչները, քաղաքում չեն: Սակայն բնակիչները չհեռացան և մնացին սպասելու: Նրանց ընդունեցին փոխքաղաքապետեր Արմեն Մառանգոզյանը և Շալվա Բալախաձեն, ինչպես նաև քաղաքապետարանի այլ աշխատողներ: Հանդիպումն անցավ լարված մթնոլորտում քաղաքապետարանի դահլիճում:

Հանդիպման ընթացքում Գոռ Երիցյանը խոսելով բոլոր գյուղացիների անունից, պահանջեց այն հարցերի պատասխանները, որոնք բարձրացվել էր դեկտեմբերի 5-ին՝ «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ախալքալաքի քաղաքապետարանի Աբուլ գյուղի բնակիչները տեղական իշխանություններից պահանջում էին ուշադրություն դարձնել իրենց գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Այդ հանդիպմանը ներկա էին խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Սակրեբուլի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Աբուլցիները բողոքում են. «Մենք շրջանի խորթ տղերքն ենք»
Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները գյուղացիներին խորհուրդ են տվել սպասել և պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը ուսումնասիրելու նպատակով:

Խորեն Յորդանյանի խոսքով, վերջին հանդիպումից ավելի քան 10 օր է անցել, բայց տեղական իշխանությունների որևէ քայլ չի արվել:

«Մենք եկել են պատասխաններ ստանալու մեր հարցերին», – ասում է նա:

Գյուղացիների խոսքերով, գյուղում թվարկված բազմաթիվ խնդիրներից ամենակարևորը դա ջրի հարցն է, ինչպես իրենք են ասում՝ «պաղ աղբյուրները»:

Աբուլ գյուղի բնակիչներին զարմացրել է այն փաստը, որ իրենց սառը աղբյուրներից ջուր են քաշում Խորենիա գյուղի համար, այն պարագայում, երբ հենց Աբուլ գյուղում խմելու ջուր չկա:

Գյուղացիներից մեկի խոսքով, անցած հանդիպման ժամանակ իրենց խոստացել են կանգնեցնել այդ նախագիծը և այդ ջրերին ձեռք չտալ:

«Մենք ձեզ ասում ենք, որ մի գյուղին մյուսի դեմ մի տրամադրեք, բախում մի հրահրեք, մենք գյուղերի հետ խնդիր չունենք, բայց դա չի կարող լինել: Մեր կոչկոչան աղբյուրը կիսում են, որ Խորենիա ջուր քաշեն, դա մեր սրբավայրն է, հանգստյան գոտին»,- նշեց գյուղացիներից մեկը:

Ինչպես ներկաներին հավաստիացրեց փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, այս պահին դադարեցվել է Խորենիա գյուղի ջրամատակարարման գծի աշխատանքը:

Սակայն Աբուլ գյուղի բնակիչները հաստատում են, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և իրենք պահանջում են դադարեցնել:

Փոխքաղաքապետերը կոնկրետ պատասխան չտվեցին Աբուլ գյուղի բնակիչներին՝ ասելով, որ ոչ բոլոր հարցերն են իրենց իրավասության սահմաններում:

Արմեն Մառանգոզյանի խոսքով, գյուղացիների պահանջները քննարկվում են և շուտով նրանք կստանան պատասխաններ:
«Ամեն ինչ չէ, որ միանգամից է արվում, ամեն ինչի ժամանակ է պետք»,- ասաց Արմեն Մառանգոզյանը:

Ըստ Գոռ Երիցյանի, վերջին հանդիպման ընթացքում տեղական իշխանությունների ներկայացուցիչները խոստացել են, որ նրանք կայցելեն Աբուլ գյուղ և կփորձեն բնակիչներին հուզող խնդիրներին լուծում գտնել: «Բայց ոչ ոք չեկավ, որպեսզի տեսներ, թե ինչ խնդիրներ ունենք»,- ասում է Գոռ Երիցյանը:

Աբուլ գյուղի բնակիչներն ասում են, որ նրանք չեն զիջի և պատրաստ են մինչև վերջ գնալու: «Մենք ուզում ենք, որ մեր ջուրը մեզ մնա»:

Գյուղացիների խոսքերով, եթե մի քանի օրից հստակ պատասխաններ չլինեն, նրանք նորից կբողոքեն և պատրաստ են նույնիսկ Թբիլիսի հասնել:

Հանդիպման մասին առավել մանրամասն Դուք կարող եք դիտել Jnews-ի ուղիղ եթերում.