Ախալքալաքի Աղմաշենեբելի կենտրոնական փողոցի վերականգնումից հետո, թիվ 4 դպրոցի մոտակայքում, հաճախակիացել են ԱՃՊ-ները ու վրաերթերը: Թիվ 4 դպրոցի աշակերտների ծնողները դիմել են տարբեր հաստատություններ՝ խնդրանքով անհապաղ միջոցներ ձեռնարկել սահմանափակող ավտոճանապարհային նշաններ և արհեստական ​​անհարթություններ տեղադրելու նպատակով: Քաղաքապետարանից խոստանում են հոգ տանել այդ մասին, բայց դեռ հայտնի չէ, թե երբ կլինի դա:

Նոյեմբերի 26-ին, թիվ 4 դպրոցի դիմաց, հետիոտնին վրաերթի էին ենթարկել, 37-ամյա կնոջը տեղափոխել էին տեղի հիվանդանոց, այնուհետև տարբեր կոտրվածքներով տեղափոխվել էր Թբիլիսիի կլինիկա: 4-րդ դպրոցի երկրորդ հերթափոխի աշակերտները լսել էին վթարի ձայնը, շատերը վախեցել էին:

Այս դեպքից հետո աշակերտների ծնողները հատկապես անհանգստացած են դպրոցի մոտակայքում իրենց երեխաների անվտանգությամբ:

Նոյեմբերի 29-ին, թիվ 4 դպրոցի աշակերտների ծնողներն անմիջապես նամակ են ուղարկել երեք հաստատությունների՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դպրոցում երեխաների տեղաշարժման ժամանակ նրանց անվտանգությունը պաշտպանելու նպատակով:

Դիմումն ուղարկվել է պարեկային ոստիկանության ծառայությանը, Վրաստանի ավտոճանապարհների վարչությանը և Ախալքալաքի քաղաքապետարան:

Պարեկային ոստիկանության ծառայության վարչությունը նամակով պատասխանել է ծնողներին՝ նշելով, որ նրանք դեմ չեն ճանապարհի վերականգնումից հետո արհեստական ​​անհարթությունների և մնացած բոլոր նշանների տեղադրմանը: Եվ նաև դեպարտամենտից նրանք տեղեկացրին, որ ծնողների նամակն ուղղորդվել է քաղաքապետարան:

Քաղաքապետարանում, որտեղ նույն նամակը ստացել են երկու անգամ, տեղյակ էին այս խնդրի մասին: Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է, որ իրենք պատրաստվում են շինարարական ընկերությանը խնդրել հնարավորինս արագ լուծել այս հարցը:

«Մենք շինարարական ընկերությունից կխնդրենք հնարավորինս արագ լուծել այդ հարցը, իհարկե, եթե նախագծում նախատեսված է եղել, եթե ոչ, հնարավորության դեպքում, մենք տենդեր կհայտարարենք», – ասում է նա:

Թե կոնկրետ, երբ կլուծվի այս խնդիրը, դեռևս անհայտ է, այնուամենայնիվ, քաղաքապետարանից խոստացան լուծել հնարավորինս շուտ:

Ինչպես վստահեցնում է քաղաքապետը, քանի որ սա քաղաքի կենտրոնն է, արհեստական ​​անհարթությունները՝ այսպես կոչված պառկած ոստիկանները, չեն լինի ինչպես մնացած փողոցներում ասֆալտի մեծ կույտի տեսքով, այլև կհամապատասխանեն չափանիշներին: