Ախալքալաքում սահմանափակ կարողություններով մարդիկ շատ դժվարությամբ են կարողանում աշխատանքի տեղավորվել: Մամիկոնը եզակի մարդկանցից է, որ աշխատանք ունի: Սակայն աշխատանքի գնալիս նա առնչվում է տեղաշարժման հետ կապված խնդիրների:

Մամիկոն Գալստյանը 13 տարի է հաշմանդամություն ունի: Նա բարձրագույն իրավաբանական կրթություն ունի, գիտի համակարգչով աշխատել, կարող է թարգմանություններ անել ռուսերենից վրացերեն և հակառակը:

Արդեն մեկ ամիս է նա պաշտոնապես աշխատում է Ախալքալաքի քաղաքապետարանում, որպես թարգմանիչ: Մամիկոնն աշխատանքային մեծ փորձ չունի, սակայն աշխատելու հրավերը մեծ ուրախությամբ է ընդունել:

«Երբ մի օր պատահական փողոցում պատգամավոր Հենզել Մկոյանն ինձ տեսավ ու առաջարկեց որպես թարգմանիչ աշխատել: Ես չէի սպասում նման առաջարկի, բայց լավ զգացի: Եթե հաշմանդամ մարդն ունակություններ ունի, նա պետք է աշխատի, հասարակություն դուրս գա, ճիշտ է շատ դեպքերում գործատուները չեն հավատում, որ հաշմանդամ մարդը կարող է աշխատել: Նրանց համար դա տարօրինակ մի բան է»,- պատմում է Մամկիոն Գալստյանը:

Մամիկոնն աշխատելուն զուգահեռ հաճախում է նաև վրաց լեզվի դասընթացների, որպեսզի բարելավի լեզվի իմացությունը: Նրա օրն այնքան հագեցած է անցնում, որ նույնիսկ ժամանակը չի հերիքում:

Սահմանափակ կարողություններով մարդկանց համար շատ կարևոր մոտիվացիա է առաջացնում աշխատանքը:

«Դու կարևոր ես դառնում, դու կարողանում ես վաստակել և սեփական կարիքներդ հոգալ: Կարևոր լինելու զգացողություն է առաջանում»,- նշում է նա:

Սահմանափակ հնարավորություններով մարդիկ Ախալքալաքում ավելի են սահմանափակվում իրենց բնակավայրի պայմաններով: Նրանք և նրանց ընտանիքները անընդհատ առնչվում են տեղաշարժման հետ կապված խնդիրների:

Վերջինս ամեն օր աշխատանքի գալիս առնչվում մի շարք խնդիրների հետ: Քաղաքապետարան մտնելու համար նա դիմում է պահակների օգնությանը և ամեն անգամ պահակները տեսնելով, որ Մամիկոնն է գալիս, դուրս են գալիս նրան օգնելու, որպեսզի շենք մտնի: Մամիկոնի խոսքերով, նա մեր քաղաքի փողոցներում ազատ չի կարող տեղաշարժվել, քանի որ մայթերը հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվող մարդկանց համար:

«Ստիպված մեքենաների համար նախատեսված ճանապարհով եմ գնում, որովհետև սայլակով չեմ կարողանում մայթ բարձրանալ: Քաղաքում շատ քիչ վայրեր կան, որտեղ կարող եմ ազատ ելումուտ անել առանց որևէ մեկի օգնության»,- հավելում է Մամիկոնը:

Կամրջի երկու կողմում. հատուկ խնամքի կարիքը Ախալքալաքում

Հավասար հնարավորությունների համար. քաղաքապետարանի փոխված ծրագիրը

Այսօր, դեկտեմբերի 3-ին աշխարհում նշում են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց օրը: Այդ օրը տարբեր միջոցառումներ են անցկացվում, որոնք կոչված են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց խնդիրների վրա ուշադրություն հրավիրելուն, նրանց արժանապատվության պաշտպանությանը, իրավունքներին և բարեկեցությանը:

Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց (հաշմանդամների) միջազգային օրվա մասին առաջին անգամ հայտարարվել է 1992թ.` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 47-րդ նստաշրջանի ընթացքում, հատուկ բանաձեւով: Գլխավոր ասամբլեան բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ է արել համագործակցել այդ օրվա անցկացման հարցում, ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել միջոցառումներ անցկացնել` հաշմանդամներին հասարակական կյանքում ընդգրկելու ուղղությամբ:

Mamikon Galstyan

Քրիստինե Մարաբյան